Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
9-րդ դասարանցիները «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների ավարտական քննությանը գրելու են մեկ ինտեգրված էսսե
Հայաստանի բոլոր դպրոցների 9-րդ դասարանի սովորողները «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների ավարտական քննությունը հանձնելու են էսսեի ձևաչափով՝ երկու առարկաների բովանդակությունն ինտեգրող գրավոր աշխատանքի միջոցով, որը բխում է Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված կարողունակությունների ձևավորման պահանջից:
Կազմակերպված վեբինար-հարցուպատասխանի ժամանակ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանին ասաց, որ «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների ավարտական քննությունը այս տարի արդեն կազմակերպվելու է միասնական ձևաչափով. «Սովորողները ստանալու են երկու տեքստեր՝ գրական որևէ ստեղծագործության և պատմական որևէ դրվագի, իրադարձության վերաբերյալ, պետք է այդ տեքստերին ծանոթանալուց հետո տրված ժամանահատվածում գրեն էսսե՝ փորձելով իրենց մտքերն արտահայտել երկու տեքստերի վերաբերյալ, դրանց միջև գտնել կապեր, դրսևորել իր վերաբերմունքը, ստեղծագործականությունը, քննադատական մտածողությունը։
Էսսեն ավելի ազատ ձևաչով սովորողին իր մտքերը շարադրելու հնարավորություն է ընձեռելու»։
Ա. Սվաջյանն ասաց, որ նոր ձևաչափով քննություններն Տավուշի մարզում 2 տարի փորձարկվել են, բոլոր խնդիրները, որոնք հայտնաբերվել են, շտկվել են։ Փոխնախարարի խոսքով, դպրոցները նախապես իմացել են, որ քննությունները հանձնվելու են նոր ձևաչափով։
«Թե «Պատմություն», թե «Գրականություն» դասավանող բոլոր ուսուցիչները տեղյակ են, թե ինչ է իրենից ներկայացնում էսսեն, ինչ ակնկալիքներ ունենք, ինչ պահանջներ են նախատեսված էսսեի քննության շրջանակում»,- ասաց Սվաջյանը։
Նա նշեց, որ թեմաները լինելու են ուսումնառության ընթացքում «Հայաստանի պատմություն» և «Գրականություն» առարկաների շրջանակում ուսումնասիրված թեմաները. «Կոնկրետ էսսեներին վերաբերող քննական թեմաներ չեն տրվելու, դա նույնն է, ինչ քննության տոմսերը բաց հրապարակվեն»։
ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանն պատասխանեց այն հարցին, թե ինչո՞ւ են որոշել էսսեն լինի ոչ թե առարկայական, այսինքն յուրաքանչյուր առարկայից, այլ ինտեգրված էսսե. «Այս երկու առարկաների՝ նոր չափորոշով սահմանված վերջարդյունքներն ուղիղ կապված են սովորողների քննադատական, վերլուծական մտածողության, իրենց արժեքային համակարգին համապատասխան ինքնուրույն պնդումներ անելու և դրանք հիմնավորելու կարողությունների հետ։ Կարևորում ենք, որ երեխաները կարողանան տարբեր առարկաներ, որոնք ուսումնասիրել են տարբեր միջավայրերում, տարբեր ուսուցիչների կողմից, տեսնել այդ իրադարձությունների կապը ոչ միայն տվյալ առարկայի համատեքստում, օրինակ՝ գեղարվեստական ստեղծագործությունը ոչ միայն տեսնել որպես գեղարվեստական ստեղծագործություն, այլ կարողանան տեսնել որոշակի պատմական ժամանակաշրջանի արտահայտվածություն իր առանձնահատկություններով»։
«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի Հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի պետ Գայանե Մկրտչյանը մանրամասնեց, որ էսսեն ունի մուտք, հիմնամաս, ամփոփում։ Նա նշեց, որ ծավալը գնահատման մեջ տեղ չի զբաղեցնում։
Սովորողը կարո՞ղ է երկու տարբեր էսսե գրել հացին ի պատասխան՝ նշեց. «Ոչ, ինտեգրված է, մեկ միասնական, համակցված էսսե պետք է լինի, որում գրականությունն ու պատմությունը զուգահեռ մեկնաբանված լինի. մեկ հարցադրում, մեկ պնդում, մեկ ամփոփում։ 20 միավորային սանղդակով է գնահատվում։ Գրականության և պատմության ուսուցիչները կարդում են իրենց համապատասխան հատվածները, գնահատում իրենց չափանիշներին համապատախան։ Երկու գնահատաններ են դրվում, միջինացվում է ու դրվում մեկ ավարտական գնահատական»։