Փաշինյանն անհանգիստ ու վախեցած վիճակում է, չգիտի՝ ապագայում ինչ է իրեն սպասվում. Արմինե Օհանյան
Քաղաքական
15:34 31/03/2026
Հայաստան

Փաշինյանն անհանգիստ ու վախեցած վիճակում է, չգիտի՝ ապագայում ինչ է իրեն սպասվում. Արմինե Օհանյան

«Ակնհայտ է, որ իշխանությունները փորձում են լռեցնել, սաստել, սահմանափակել լրատվամիջոցների աշխատանքը, դժվար աշխատանքային պայմաններ, հոգեբանորեն ծանր իրավիճակ ստեղծել»,- ասուլիսում ասաց «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հաճախ լրագրողների հասցեին ուղղված հայտարարություններին։

Միաժամանակ նշեց, որ լրագրողներն իմունիտետ են ձեռք բերել, հեշտ չէ լրագրողների աշխատանքը խոսքով, տարբեր քայլերով, քրեական գործերով, քաղաքացիական հայցերով սահմանափակել։

«Ի վերջո, ազատ խոսքի պահանջը բնական պահանջ է, ամենակարևոր ձեռքբերումներից է, որ Հայաստանի Հանրապետությունն ունեցել է  այս 30-40 տարվա ընթացքում։ Ինչո՞ւ պետք է մենք կամովին հրաժարվենք մեր ձեռքբերումներից»,- ասաց Ա. Օհանյանը։

Նա նշեց, որ ժամանակը գնում է,  պետությունը փոխվում է, մարդիկ են փոխվում. «Ի վերջո, 2018 թվականին ձեզ բերեցինք, որ գաք ու նորից Շմայսի, Թոխմախի Մհերի հետ համեմատվե՞ք։

Թույլ չենք տա։ Ձեր մեջ էլ շմայսներ կան։  Ռուբեն Ռուբինյանն ու Վահագն Ալեքսանյանն ինչո՞վ են Շմայսից տարբերվում։ Ոչնչով։ Շմայսը կգար, ներողություն կխնդրեր, կասեր՝ «անգրագետ մարդ եմ, կներեք», իսկ իրենք ասում են՝ «կրթություն ենք ստացել եվրոպաներում», դա՞ է ձեր կրթությունն ու շնորհքը»։

Ըստ Օհանյանի, Փաշինյանը հասկանում է մամուլի, խոսքի ուժի ազդեցությունը. «Ինքը գիտի, որ հենց այդ խոսքի ուժով է  եկել իշխանության, դրա համար էլ  վախենում է, որ կարող է իր իշխանությունն  իր ձեռքից խլեն հենց խոսքի ուժ ունեցող մարդիկ։ Նաև դա է պատճառը»։

«Հրապարակ» օրաթերթի խմբագիրը նշեց, որ այս վերջին 1-2  տարիներին իշխանությունը նյարդային, անհավասարակշիռ, ցնցումային, հիստերիկ  վիճակում է, դժվար է տրամաբանություն տեսնել իրենց գործողություններում։ Ըստ նրա, Փաշինյանը չկողմնորոշված, անորոշ վիճակում է,  չգիտի՝ ապագայում ինչ է իրեն սպասվում։

«Երևում է՝  անհանգիստ է, վախեցած է, այս ընտրությունները շատ նյարդային վիճակում են իրենց բոլորին դրել, չգիտեն՝ իրենց ապագան»,- ասաց Արմինե Օհանյանը։

Նրա խոսքով, ՔՊ-ում այս տարիների ընթացքում նոր մարդիկ չեն հայտնվել,  

«Իրենց թիմում մի նոր մարդ չկա։ Իրենք մնացել են իրենց 2018 թվականի թիմի, այն էլ մի մասի հույսին։ Նույնիսկ լավերը թողել, գնացել են, մնացել է մի խումբ, որը պատրաստ է խելակորույս, առանց առարկության ենթարկվել Նիկոլին. ուսապարկի, կոճակ սեղմողի դերում իրենց արդարացրել են։ Միայն այդ մարդիկ են մնացել այդ թիմի կազմում»,- ասաց Ա. Օհանյանը։

Դիտարկմանը՝ այդ անհանգստությունը հնարավո՞ր է բացատրել նրանով, որ կարող է իրենք չվերարտադրվել, Ա. Օհանյանն ասաց. «Այո, իհարկե»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանն անհանգիստ ու վախեցած վիճակում է, չգիտի՝ ապագայում ինչ է իրեն սպասվում. Արմինե Օհանյան