Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նարեկ Կարապետյանը հայտարարեց երկու ուժերի հետ դաշինք կազմելու մասին
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։
Այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը դաշինքի ստեղծման վերաբերյալ հուշագիր է ստորագրել «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանի և «Միավորված հայեր» կուսակցության պատվավոր նախագահ, լիազոր ներկայացուցիչ Նաիրի Սարգսյանի հետ։

Հուշագիրը ստորագրած քաղաքական կուսակցությունները հայտարարում են, որ միավորվում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական օրակարգի և նախընտրական ծրագրի շուրջ և գործելու են պետականության ամրապնդման, ազգային և հոգևոր արժեքների պաշտպանության, արդյունավետ և հաշվետու կառավարման, տնտեսական կայուն զարգացման, իրավական և սոցիալական արդարության և համերաշխության ապահովման սկզբունքների վրա։
Նշվում է, որ ձևավորվող դաշինքի գաղափարական հիմքը համահունչ է Սամվել Կարապետյանի կողմից առաջ քաշված ազգային-պետական և արժեքային մոտեցումներին, և կողմերը պատրաստակամություն են հայտնում համախմբվել այդ գաղափարական հենքի շուրջ։
Քաղաքական կուսակցությունները գալիք ընտրություններին կմասնակցեն միասնական քաղաքական դաշինքով՝ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։

«Մեր կողմից որոշում է կայացվել նոր ուժերի հետ կազմել դաշինք, հրավիրել նոր ուժերի, քանի որ դրանք կստեղծեն նոր քաղաքական համակարգ Հայաստանում, որը կփոխի մեր երկրի ուղին դեպի զարգացում»,-հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհդրի անդամ Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ հանդիպմանը։
Նա նշեց, որ երկրում ստեղծված իրավիճակը քաղաքական համակարգի անկատարության հետևանք է, կարծիք հայտնեց, որ պետք է հնարավարություն տալ երիտասարդ ուժերին երկրում որակական փոփոխություններ բերելու համար։
Կարապետյանն ասաց, որ բանակցություններ են եղել արտախորհրդարանական ուժերի հետ։