Թուրքիան 2 շաբաթում վաճառել է 58 տոննա ոսկի՝ 8 միլիարդ արժողությամբ
Տնտեսություն
12:09 31/03/2026
Տարածաշրջան

Թուրքիան 2 շաբաթում վաճառել է 58 տոննա ոսկի՝ 8 միլիարդ արժողությամբ

Թուրքիայի Կենտրոնական բանկն ընդամենը երկու շաբաթվա ընթացքում վաճառել է 58 տոննա ոսկի՝ ավելի քան 8 միլիարդ դոլար արժողությամբ:

Թուրքիայի ոսկու պաշարները մինչև մարտի 13-ն ընկած շաբաթվա ընթացքում նվազել են 6 տոննայով, իսկ մինչև մարտի 20-ն ընկած հաջորդ շաբաթվա ընթացքում՝ ևս 52 տոննայով՝ հասնելով ընդհանուր 513 տոննայի. սա վերջին յոթ տարվա ամենամեծ անկումն է:Այս մասին հաղորդում է Maaal պարբերականը վկայակոչելով Reuters-ի տվյալները։

Ըստ CNBC-ի՝ ոսկու կեսից ավելին օգտագործվել է սվոպ (swap) գործարքների միջոցով ԱՄՆ դոլար ներգրավելու համար, իսկ մնացած մասը վաճառվել է անմիջապես բաց շուկայում:

Ոսկու վաճառքի ծավալները գերազանցել են նաև նույն ժամանակահատվածում համաշխարհային մակարդակով ոսկով ապահովված բորսայական ֆոնդերից (ETF) արտահոսքը, որը կազմել է մոտ 43 տոննա՝ Թուրքիային դարձնելով ոսկու աշխարհի խոշորագույն միանձնյա արտահանողը:

Սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Կենտրոնական բանկը դիմում է իր արտարժութային պաշարների սպառմանը՝ լիրային աջակցելու համար, որը գտնվում է խիստ ճնշման տակ՝ էներգակիրների ներկրման ծախսերի աճի և Իրան-Իրաքյան պատերազմի մեկնարկից ի վեր ԱՄՆ դոլարի նկատմամբ պահանջարկի մեծացման պատճառով:

Արդյունքում, Թուրքիայի ընդհանուր արտարժութային պահուստները նվազել են մոտ 40 միլիարդ դոլարով՝ հասնելով մոտավորապես 175 միլիարդ դոլարի, ինչը նրանց ամենացածր մակարդակն է 2015 թվականի երրորդ եռամսյակից ի վեր:

Էներգակիրների թանկացող ծախսերը ստիպում են Թուրքիային վաճառել իր ոսկու պաշարները:

Մինչև մարտի 19-ն ընկած երեք շաբաթվա ընթացքում Կենտրոնական բանկը վաճառել է 26 միլիարդ դոլարի արտարժույթ՝ կրճատելով պահուստները (առանց սվոպ գործարքների) մինչև 43,4 միլիարդ դոլարի՝ համաձայն «Burumcicci» հետազոտական և խորհրդատվական ընկերության պաշտոնական տվյալների վրա հիմնված հաշվարկների: Այլ անկախ տնտեսագետների գնահատմամբ՝ հակամարտության սկզբից ի վեր զուտ պահուստները նվազել են 34 միլիարդ դոլարով:

Այսպիսով, հարկ ենք համարում նշել, որ Իրանում պատերազմի էսկալացիան կարող է չափազանց ուժեղ հարվածել թուրքական տնտեսությանը։ Եվ սա այն հիմնական գործոններից մեկն է, թե ինչու է Անկարան ձեռնպահ մնում պատերազմին միջամտելուց։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թուրքիան 2 շաբաթում վաճառել է 58 տոննա ոսկի՝ 8 միլիարդ արժողությամբ