Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած՝ գիտակցությունը կորցրել է. փաստաբան
Իրավունք
14:25 01/04/2026
Հայաստան

Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած՝ գիտակցությունը կորցրել է. փաստաբան

«Դավիթ Մինասյանը Արմավիր քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց»,- այս մասին հայտնում է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ 

Հիշեցնենք, որ այսօր դատարանի որոշմամբ 18-ամյա Դավիթ Մինասյանը կալանավորվել է 2 ամսով։ 

Ծաղկազարդի օրը պատարագի ընթացքում Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ականների, անվտանգության աշխատակիցների մուտքից հետո Սուրբ Աննա եկեղեցում տեղի էր ունեցել միջադեպ, իբր Դավիթ Մինասյանը փորձել էր հարվածել Փաշինյանին։

Միջադեպի առնչությամբ երեք անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, այդ թվում Դավիթի երկվորյակ եղբոր՝ Միքայելի։ Միքայելը, թեև ունի մեղադրյալի կարգավիճակ, բայց խափանման միջոց է կիրառվել չբացակայելը։

ՔԿ-ից հայտնել էին. «2026 թվականի մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Դ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը), Մ.Մ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և Գ.Գ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը)»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder