Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թադևոս Ավետիսյանի առաջադրումն ու քվեարկումն ըննդիմությանը զրկեցին իշխանությանը քննադատելու լեգիտիմ իրավունքից. Պիպոյան
Օրեր առաջ «Հայաստան» խմբակցության արդեն նախկին պատգամավոր, դաշնակցական գործիչ Թադևոս Ավետիսյանն ԱԺ-ում քվեարկությամբ ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ։ Նրան այդ պաշտոնի համար որպես համաձայնեցված միասնական թեկնածու առաջադրել էին խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները՝ «Հայաստան»-ը և «Պատիվ ունեմ»-ը։
Սա հարցեր է առաջացրել քաղհասարակության շրջանում, ընդդիմությունը կրկնել է սխալը, ինչի համար պարբերաբար քննադատել է գործող իշխանություններին։
«Որպես անձ՝ Թադևոս Ավետիսյանի ընտրության հետ կապված խնդիր չեմ տեսնում, կարող է իրականացնել հանձնաժողովի անդամի լիազորությունները, քանի որ ունի աշխատանքային փորձ ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր իշխանությունում։ Հանձնաժողովի կարգավիճակի փոփոխությունից հետո շատ կարևոր է, որ դրա կազմում լինեն օրենսդրական պատկերացումներ ունեցող մարդիկ փոփոխությունների իրականացման հետ; Անհատական մակարդակում խնդիր չկա, իսկ այ ինստիտուտցիոնալ մակարդակում խնդիր ունենք»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Նա ընդգծեց, անընդհատ խոսում ենք, որ պետք է ունենանք ապաքաղաքական, ապակուսակցական, գործադիրից անկախ գործող սահմանադրական մարմիններ, ընդդիմադիր գործիչները շատ հաճախ իշխանությանը քննադատում են այդ մարմինների անկախությանը վնաս հասցնելու, դրանք քաղաքակացնելու համար, մինչդեռ փաստացի գործում են այնպես, ինչպես իշխանությունները։
«Այս առումով ուզում եմ հիշել ոչ միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, այլև օրերս Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի հարցը, որն օրերս քննարկվեց խորհրդարանում։ Սա տեղի ունեցավ այն պահին, երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը սազն առած գովում էր գործադիրի ներկայացուցչին։ Ստացվում է, որ ընդդիմությունն այլևս չունի լեգիտիմ իրավունք քննարկելու, քննադատելու իշխանությունների այն սխալը, որն արեցին իրենք»,-ասաց ՀԿ ներկայացուցիչը։
Պիպոյանը նշեց, վստահ էր, որ իշխանական պատգամավորները կողմ էին քվեարկելու իրենց գործընկեր Թադևոս Ավետիսյանի թեկնածությանը։
Հիշեցնենք, որ նրա օգտին քվեարկել է 83 պատգամավոր: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 85-ը, երկու քվեաթերիկ անվավեր է ճանաչվել։
«Իշխանական պատգամավորների կողմ քվեարկելը միայն անձով պայմանավորված չի եղել։ Ես ավելի քան վստահ եմ դրանում, քանի որ իշխանական պատգամավորները կողմ քվեարկելով լեգիտիմացնում են բոլոր իրենց նախկին նմանատիպ քվեարկությունը։ Մեր երկրում կրկնակի ստանդարտների կիրառումը վատ երևույթներից ամենավատն են։ Ընդդիմությունը շատ հանգիստ կարող էր ոչ իշխանահաճո լավ տնտեսագետ գտնել ԵՊՀ-ից, Տնտեսագիտական համալսարանից կամ այլ բուհից, որը հանրային ակտիվություն է ունեցել, նա էլ կկարողանար անկախ գործել»,-ասաց Բ. Պիպոյանը։
Հարցին, եթե իրեն առաջարկեին ընդդիմադիր խմբակցությունները որպես միասնական թեկնածու, կհամաձայնե՞ր, Պիպոյանն արձագանքեց, շնորհակալություն կհայտներ վստահության համար, բայց կմերժեր առաջարկը, քանի որ այս խորհրդարանի առջև քննություն հանձնելու որևէ մտադրություն չունի։
«Բացի այդ, ես միշտ ասում եմ, հանրային սեգմենտից մարդ տանել պետական սեգմենտ, նշանակում է ուղիղ հարված հասցնել հանրային վերահսկողությանը»,-ընդգծեց Բ. Պիպոյանը։