Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ծաղկազարդի տոնին Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ Նիկոլ Փաշինյանի մուտքից հետո տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 18-ամյա Դավիթ Մինասյանը կալանավորվեց երկու ամսով, դատարանը բավարարեց ՔԿ միջնորդությունը։
Որոշումը կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը։
«Մեր հույսերը հօդս ցնդեցին։ Բառեր չեմ կարողանում գտել։ Սա է իրականությունը, գտան, որ12-րդ դասարանի աշակերտի նկատմամբ պետք է կալանք կիրառվի»,- ասաց փաստաբան Արմեն Մելքոնյանը։
Նա նշեց, որ Դավիթը մարտական, հանգիստ, տղամարդավարի պահվածք դրսևորեց։
Փաստաբանը նշեց, որ դեռ չեն ստացել դատարանի որոշումը։
«Այն միջնորդությունը, ինչը ներկայացվել է դատարան, պաշտպանական թիմի կողմից ուղղակի ջախջախվել է»,- ասաց Ա. Մելքոնյանը՝ ընդգծելով, որ դատարանը գտել է՝ 12-րդ դասարանի աշակերտը պետք է կալանքի տակ գտնվի, բայց մի շարք առանձնապես ծանր, ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող մարդիկ կարող են վարչական հսկողության տակ գտնվել, տնային կալանքում։
«Ոչ մի բան հաշվի չի առել դատարանը։ Դատարանը գտավ, որ միայն կալանավորումն է ի զորու ապահովել մեր պաշտպանյալի իրավաչափ վարքագիծը, որն ըստ իս, աբսուրդ է»,- նժեց փաստաբանը։
Դատարանի որոշումը բողոքարկվելու է։
«Ամեն ինչ արվելու է, հավաքվելու ենք մեր ընկերով, ամեն ինչ անելու ենք այս անարդարության դեմ պայքրելու համար»,- ասաց նա։
Դավիթին կտեղափոխեն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։
Հիշեցնենք, որ Ծաղկազարդի օրը պատարագի ընթացքում Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ականների, անվտանգության աշխատակիցների մուտքից հետո Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասնակից դպրոցական եղբայրների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել։
Միջադեպի առնչությամբ երեք անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
«2026 թվականի մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Դ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը), Մ.Մ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և Գ.Գ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը)»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դավիթի երկվորյակ եղբարը՝ Միքայելը, թեև ունի մեղադրյալի կարգավիճակ, բայց խափանման միջոց է կիրառվել չբացակայելը։