Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Ընտանիքից երեք հոգի ՊԵԿ-ում են աշխատում. Ինչ ունեցվածք ունի ՊԵԿ գլխավոր քարտուղարը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Դավիթ Մաթևոսյանի՝ պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ ներկայացված հայտարարագիրը։ Նա Պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնել է 2026 թվականի փետրվարի 23-ին։
«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է նաև, որ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամները՝ կինը և հայրը, ևս բարձր պաշտոններ են զբաղեցնում նույն կառույցում՝ ՊԵԿ-ում։ ՊԵԿ գլխավոր քարտուղարի հայրը՝ Վարդան Մաթևոսյանը, ՊԵԿ մաքսային ռիսկերի կառավարման և վիճակագրության վարչության պետի տեղակալ, իսկ կինը՝ Արփի Ավետյանը, զբաղեցնում է ՊԵԿ հետբացթողումային հսկողության և ստուգումների վարչության մաքսային գործարքների հսկողության և ռիսկերի վերլուծության բաժնի պետի տեղակալի պաշտոնը։
«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ Դավիթ Մաթևոսյանը հայտարարագրել է 5 միավոր անշարժ գույք։ Մասնավորապես, նրա համատեղ սեփականության մեջ են գտնվում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում՝ 2017 թվականի ապրիլի 19-ին ձեռք բերված ավտոտնակ և բնակարան, ինչպես նաև նույն վարչական շրջանում՝ 2020 թվականի հոկտեմբերի 22-ին ձեռք բերված ևս մեկ ավտոտնակ և բնակարան։ Բացի այդ, հայտարարագրում ներառված է նաև Փարաքար համայնքում գտնվող բազմամյա տնկին, որը ձեռք է բերվել 1991 թվականի մարտի 2-ին։
Տրանսպորտային միջոցների մասով Դավիթ Մաթևոսյանը հայտարարագրել է Lexus մակնիշի ավտոմեքենա՝ 2005 թվականի արտադրության, որը ձեռք է բերել 2019 թվականի մայիսի 13-ին։
«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրության համաձայն՝ պաշտոնյայի բանկային հաշիվներում առկա է 2,639,667 դրամ և 29,858 դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները կազմում են 5,000 ԱՄՆ դոլար, 10,000,000 դրամ և 6,000 եվրո։
Ինչ վերաբերում է եկամուտներին, ապա հաշվետու ժամանակաշրջանում Դավիթ Մաթևոսյանի եկամուտները կազմել են ընդհանուր 32,853,400 դրամ։ Այդ թվում՝ 295,035 դրամը ստացել է որպես այլ եկամուտ ՀՀ ֆինանսների նախարարությունից, 31,393,152 դրամը՝ որպես ստացված վարկ Արդշինբանկից, 240,000 դրամը՝ վարձակալության դիմաց ստացված վճար Նայրուհի Ստեփանյանից, իսկ 925,213 դրամը՝ որպես աշխատավարձ «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե»-ից։
Միևնույն ժամանակ, պաշտոնի ստանձնման օրվա դրությամբ Դավիթ Մաթևոսյանի վարկային պարտավորությունները կազմել են 43,060,052 դրամ, որից 11,666,900 դրամը՝ բնակարանի համար, իսկ 31,393,152 դրամը՝ նախագծային բնակարանի համար։
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է նաև Դավիթ Մաթևոսյանի հոր՝ Վարդան Մաթևոսյանի հայտարարագիրը, ով զբաղեցնում է ՊԵԿ մաքսային ռիսկերի կառավարման և վիճակագրության վարչության պետի տեղակալի պաշտոնը և պաշտոնը ստանձնել է 2023 թվականի նոյեմբերի 1-ին։ Պարզվել է, որ նա հայտարարագրել է Volkswagen մակնիշի ավտոմեքենա՝ 2022 թվականի արտադրության, որը ձեռք է բերել 2022 թվականի հուլիսի 18-ին։ Նրա բանկային հաշիվներում առկա է 7,505,774 դրամ, ինչպես նաև կանխիկ դրամական միջոցներ՝ 5,000 ԱՄՆ դոլար, 2,000,000 դրամ և 4,500 եվրո։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 13,124,192 դրամ, որից 534,474 դրամը՝ ՀՀ ֆինանսների նախարարությունից, իսկ 12,589,718 դրամը՝ «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե»-ից։ Վարկային պարտավորությունը կազմում է 2,865,877 դրամ՝ բնակարանի համար։
Ուսումնասիրվել է նաև պաշտոնյայի կնոջ՝ Արփի Ավետյանի հայտարարագիրը, ով հանդիսանում է ՊԵԿ հետբացթողումային հսկողության և ստուգումների վարչության մաքսային գործարքների հսկողության և ռիսկերի վերլուծության բաժնի պետի տեղակալ և պաշտոնը ստանձնել է 2024 թվականի մարտի 26-ին։ Հայտարարագրի համաձայն՝ նրա բանկային հաշիվներում առկա է 166,054 դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները կազմում են 3,200 ԱՄՆ դոլար, 1,950,000 դրամ և 2,700 եվրո։ Նրա եկամուտը կազմել է 7,026,125 դրամ, որը ստացել է «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե»-ից։
«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը առաջ է բերում մի շարք հարցեր։ Ինչպե՞ս է ձևավորվել Դավիթ Մաթևոսյանի գույքային այս ծավալը՝ հաշվի առնելով պաշտոնական աշխատավարձի չափը։ Ինչպե՞ս է ստացվում, որ ընտանիքի երեք անդամն էլ զբաղեցնում են պաշտոններ նույն կառույցում՝ Պետական եկամուտների կոմիտեում։ Արդյո՞ք առկա են շահերի բախման ռիսկեր՝ հաշվի առնելով նրանց զբաղեցրած պաշտոնների առանձնահատկությունները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։