«Հրապարակ». ՔԿՀ-ներում ծառայություն իրականացնող հոգևորականները լուրջ խոչընդոտների են հանդիպում
Օրվա մամուլ
08:10 02/04/2026
Հայաստան

«Հրապարակ». ՔԿՀ-ներում ծառայություն իրականացնող հոգևորականները լուրջ խոչընդոտների են հանդիպում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը թեև տևական ժամանակ է, ինչ դադարեցրել է Եկեղեցու և հոգևոր դասի նկատմամբ հրապարակային արշավը, պասի մեջ գտնվելով` անգամ չի այցելում եկեղեցի, ոչ կանոնական պատարագներ չի պարտադրում, որոնց ընթացքում զեղչվեին Վեհափառի անունը, սակայն Եկեղեցու դեմ մոլագար մտքերից չի հրաժարվել, և արշավն իրականացվում է ծածուկ։ Օրեր առաջ բանակում գործող գնդերեցների ծառայությունն ապամոնտաժեցին, հիմա որսի են դուրս եկել Մայր Աթոռի հոգևոր ծառայության անդամների նկատմամբ: ՔԿՀ-ներում երկար տարիներ ծառայություն իրականացնող հոգևորականները, որոնք հոգևոր աջակցություն են ցուցաբերում դատապարտյալներին, լուրջ խոչընդոտների են հանդիպում։

Փորձել են այս հոգևորականներին հանել Վեհափառի դեմ, սակայն մերժում են ստացել։ Դրանից գազազած՝ սկսել են հոգևորականների դեմ քայլեր անել: Մեզ ասացին, որ Քրեակատարողական ծառայության հոգևոր առաջնորդ Հայր Իսահակին տևական ժամանակ թույլ չեն տալիս մտնել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, իսկ Արգավանդի եկեղեցու հոգևոր հորը՝  Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանին, որն ավելի քան 15 տարի այցելում է ցմահ ազատազրկվածներին, վերջերս թույլ չեն տվել մուտք գործել «Նուբարաշեն» ՔԿՀ՝ առանց բացատրության: Նա փորձել է ՔԿՀ ղեկավարությունից պարզաբանում ստանալ, սակայն չի հաջողվել։

Սա նշանակում է, որ Եկեղեցու նկատմամբ իշխանությունների ներկայիս լոյալությունը թվացյալ է ու ժամանակավոր` հասկացել են, որ այդ գործողությունները հանրային ընդվզում են առաջացնում, վնասում են իրենց վարկանիշին, որոշել են ժամանակավոր հրադադար վերցնել՝ հույսով, որ ընտրություններից հետո կվերարտադրվեն և իրենց բոլոր չար ծրագրերն ավարտին կհասցնեն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder