Հայաստանի գործող վարչապետի համար առաջնային մտահոգությունը գալիք ընտրություններն են, դա քննարկվեց նաև Մոսկվայում. Քաղաքագետ
Քաղաքական
18:15 02/04/2026
Հայաստան

Հայաստանի գործող վարչապետի համար առաջնային մտահոգությունը գալիք ընտրություններն են, դա քննարկվեց նաև Մոսկվայում. Քաղաքագետ

Երեկ աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մոսկվան առավոտյան հայտնել էր, որ երկու առաջնորդները «աշխատանքային նախաճաշ» կունենան, սակայն Փաշինյանը Մոսկվա է ժամանել շատ ավելի ուշ։ Բանակցությունները մեկնարկել են երեկոյան։

Կրեմլում կայացել են նաև ընդլայնված կազմով քննարկումներ։ Փաշինյանը Մոսկվա է մեկնել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և նրա տեղակալների հետ։ Դրան զուգահեռ ՌԴ–ում ՀՀ դեսպանատան դիմաց տեղի է ունեցել բողոքի ակցիա` ի աջակցություն Հայ առաքելական եկեղեցու։ 

Ակցիայի մասնակիցները նույնիսկ այրել են Փաշինյանի նկարը, իսկ Փաշինյանի հետ երեխային լուսանկարել ցանակցող արցախղին նկարել է ու վերջում հավելել, որ երեխան պետք է իմանա ում օրոք է հանձնվել Արցախը ու ով է սկսել հակաեկեղեցական արշավ։

Տարատեսակ են քննարկումները նաև Փաշինյան-Պուտին հանդիպման մասին ու արձագանքները դրան։

Այս մասին Panorama.am-ը զրուցեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, ով նշեց, որ երեկվա քննարկման առանցքային թեման եղել է Հայաստանի գալիք ընտրությունները.

«Հայաստանի գործող վարչապետի համար առաջնային մտահոգությունը գալիք ընտրություններն են։ Հաշվի առնելով վերջին սոցիոլոգիական հարցումները՝  նրա հաղթելու հավանականությունը խիստ ցածր է, եթե չասենք՝ զրոյական։ Այս իրավիճակում իշխանության միակ մարտավարությունը կարող է լինել ընդդիմության հզոր ներկայացուցիչների մուտքն ընտրապայքար ամեն կերպ կանխելը»,- նշեց Ստեփան Դանիելյանը

Նա նշեց, որ խոսքն առաջին հերթին Սամվել Կարապետյանի և նրա թիմի մասին է։ Թեև հասկանալի է, որ Սամվել Կարապետյանն անձամբ ցուցակում չի լինելու, ֆորմալ առումով որևէ իրավական հիմք չկա «Ուժեղ Հայաստան» կուսակցության մասնակցությունն արգելելու համար։

Այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանի համար սա «կյանքի ու մահվան» հարց է, և նա փորձում է օգտագործել ցանկացած հնարավոր լծակ՝ սեփական վերարտադրությունն ապահովելու համար։

Քաաղաքագետի կարծիքով, իշխանությունների որդեգրած հակառուսական հռետորաբանությունը բնականաբար իր բացասական հետքն է թողել Մոսկվայի հետ հարաբերությունների վրա։ Պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանի ազդեցության լծակները Հայաստանի վրա՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով, շատ մեծ են։ Հանդիպումների ժամանակ այդ հարցերն ուղղակիորեն բարձրացվել են։

Նշենք, որ ՌԴ նախագահը հստակ հասկացրել է՝ անհնար է միաժամանակ լինել թե՛ ԵԱՏՄ, թե՛ ԵՄ տնտեսական գոտիների մասնակից։ Սա «կամ-կամ»-ի ընտրություն է, քանի որ երկու կառույցներն էլ մաքսային միություններ են։

Խոսակցության ընթացքում շոշափվել են նաև Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող թեմաներ։ Գազի սակագնի բարձրացումը մինչև միջազգային մակարդակ կարող է ուղղակիորեն կործանարար լինել Հայաստանի տնտեսության համար։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Ռուսաստանը հրաժարվում է Հարավկովկասյան երկաթուղու կառավարումը փոխանցել ղազախական կազմակերպությանը, ինչը փաստացի կնշանակեր վերահսկողությունը հանձնել Ադրբեջանին։

Այսպիսով, դիվանագիտական նրբանկատությունն այլևս մի կողմ է դրված։ Խոսակցությունը գնացել է բավականին կոշտ և հստակ շեշտադրումներով։ Սա վկայում է այն մասին, որ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները դուրս են սովորական քաղաքական գործընթացների շրջանակից, իսկ հայ-ռուսական հարաբերությունների հետագա ընթացքը կախված է ընտրությունների արդյունքներից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder