18 տարեկան երեխային կալանավորել են, զրկել են «Վերջին զանգի» միջոցառումից ու հրապարակավ հրճվում են. Իրավապաշտպան
Քաղաքական
14:16 02/04/2026
Հայաստան

18 տարեկան երեխային կալանավորել են, զրկել են «Վերջին զանգի» միջոցառումից ու հրապարակավ հրճվում են. Իրավապաշտպան

«Ծաղկազարդի օրը քաղաքացիները գտնվում էին Սուրբ Աննա եկեղեցում՝ միայն ու միայն իրենց հոգևոր պահանջմունքները բավարարելու նպատակով։ Ի՞նչ նպատակով էին այնտեղ գտնվում Նիկոլ Փաշինյանն ու նրան ուղեկցող մարդիկ, ըստ քննչական կոմիտեի՝ քաղաքական գործունեություն էր իրականացնում»,-ասաց իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ ելույթ ունենալով Աժ-ում։

Նշենք, որ այսօր ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ «Պետություն-ազգային եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակի առնչությամբ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության  նախագծի վերաբերյալ: 

Նա ընդգծեց, ըստ ՔԿ-ի, արդեն նաև դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ Փաշինյանը քաղաքական գործունեություն է իրականացրել եկեղեցում, ինչն արդեն հարգանքի բացակայություն է կրոնական տարածքների նկատմամբ։

«Այս միջադեպն առաջացել է շատ հստակ, անվտանգության աշխատակիցների հետ եղել է որոշակի անհամաձայնություն, քաղաքացին իրեն ուղղված խնդրանքը չի ցանկացել բավարարել, երբ ավետարան է ընթերցվում պատարագի ժամանակ»,-ասաց իրավապաշտպանը։

Նա ընդգծեց՝ հստակ չէ, որ պատանու ձեռքի շարժումն ուղղված էր Նիկոլ Փաշինյանին, ոչ թե անվտանգության աշխատակցին։

«Այստեղ օրենքից բացի այլ բան է խախտվել, առողջ բանականությունը, տրամաբանությունը։ Անընդհատ խոսվում է  կազմակերպման մասին։ Մարդիկ չգիտեին, որ այդտեղ խմբով մարդիկ էին գալու, ինչպե՞ս կարող էին որևէ բան կազմակերպել»,-ասաց նա։

Մելիքյանի խոսքով, խախտվել է նաև հանրային բարոյականությունը։

«18 տարեկան երեխային, այո´, երեխային, ես նաև որպես ծնող եմ ասում, կալանովերել են, զրկել են «Վերջին զանգի» միջոցառումից ու պաշտոնյաներով հրապարակավ հրճվում են»,-ասաց նա։

Ելույթի վերջում Մելիքյանը եկեղեցուն առաջարկեց՝ գուցե պատարագների ժամանակ փակե՞ն եկեղեցու դռները, ինչպես դա անում էին մոնղոլ-թաթարների արշավանքների ժամանակ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder