Մեր քաղաքացիների համար պետական բուհերում կրթությունը պետք է լինի անվճար. Արման Թաթոյան
Քաղաքական
16:51 03/04/2026
Հայաստան

Մեր քաղաքացիների համար պետական բուհերում կրթությունը պետք է լինի անվճար. Արման Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական ուժի ղեկավար, վարչապետի թեկնածու հայտարարված Արման Թաթոյանը Գեղարքունիքի Ներքին Գետաշեն գյուղում հիշեց իր մանկությունը, պապիկի հորը՝ Ավետիսին, որ կառուցեց գյուղի ջրաղացը։

«Այդ ջրաղացը երբեք չի կանգնել՝ ոչ պատերազմների ժամանակ; ոչ սովի։ Ներքին գետաշենցիները քարից հաց քամող մարդիկ են, երբ լինում եմ այդ ջրացաղում, հենց դա էլ տեսնում եմ բառի ամենաուղիղ իմաստով»,-ասաց Թաթոյանը։

Նա ընդգծեց, պետք է Հայաստանը դառնա այնպիսի պետություն, որը ոչ միայն հիմնված է մարդկանց հերոսությունների, ուժի վրա, այլ ինքն է ուժ տալիս մարդուն։

«Մեր ամեն մարզ, գյուղ, շրջան ունի իր խնդիրները։ Մարտունին այն շրջաններից է, որտեղից մարդիկ ստիպված են գնալ այլ երկրներ, փող աշխատել ու բերել իրենց ընտանիքները պահել։ Բայց մենք պետք է ունենանք աշխատատեղեր մեր երկրում»,-ասաց Թաթոյանը՝ ընդգծելով, որ մարդիկ հաճախ թողնում են իրենց տները, ընտանիքի անդամներին, ինչի հետևանքով տարիներ շարունակ կանայք իրենց ուսերին են վերցրնում տղամարդու աշխատանքը։

Թաթոյանն այստեղ խոսեց գյուղատնտեսության ոլորտի զարգացման կարևորության մասին, ընդգծեց կրթության հավասար պայմանները։

«Գյուղում դպրոցը չպետք է լինի ավելի պակաս որակի կրթություն տվող, քան քաղաքում։ Չպետք է լինի նման տարբերություն, չի կարող լինել ընտրություն տան, գյուղի և կրթության միջև, որ մարդը լավ կրություն ստանալու համար անպայման գնա քաղաք։ Մեր երեխաները պետք է ունենան կրթություն ստանալու արդար պայմաններ, եթե անգամ ծնողը չունի կարողություն, երեխան պետք է իմանա, ջանք գործադրելու դեպքում, հասնելու է ամեն ինչի կյանքում։ Մենք դրա համար ենք ասում, արդարություն պետք է լինի ամեն ինչում։ Մեր քաղաքացիների համար մեր պետական բուհերում կրթությունը պետք է լինի անվճար, սա հաստատ եմ ասում»,-հայտարարեց Արման Թաթոյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder