Ս․ Զատիկը վերականգնվում է Հայ Առաքելական եկեղեցու և հոգևորականների ջանքերով․ Ազգագրագետ
Հասարակություն
13:16 04/04/2026
Հայաստան

Ս․ Զատիկը վերականգնվում է Հայ Առաքելական եկեղեցու և հոգևորականների ջանքերով․ Ազգագրագետ

Բուն Զատիկը մեկ օր է, բայց զատկական տոնակատարությունները տևել են առնվազն երեք շաբաթ։ Panorama.am-ը ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ զրուցեց զատկական ավանդական տոնակատարություններից, մասնավորապես՝ ավանդական սովորույթներից որո՞նք են պահպանվել, որո՞նք՝ «ներմուծվել» և ,հատկապես, որը պետք է վերականգնել։

«19-րդ դարի 2-րդ կեսը, հայկական բոլոր լրատվամիջոցները, թերթերը և նաև արդեն մասնագիտացված կառույցները՝ այնպիսին, ինչպիսին հայկական աշխարհագրական խմբակն էր, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցները(«Сборник материалов», «По описания местности» և այլ)։

 Զատիկը շատ է նկարագրված, համարյա բոլոր ազգագրական հանդեսների բոլոր համարներում, նույնիսկ շրջան առ շրջան,  գավառ առ գավառ, այդ թվում նաև մասամբ Արևմտյան Հայաստանի, որը չէր մտնում nրանց հետազոտական շրջանակների մեջ և Ռուսաստանի կայսրության մաս չէր, բայց այդտեղից էլ շատ կան։ Հենց Պոլսի թերթերն էլ բավական մանրամասն նկարագրում են՝ այս կամ այն գյուղում, կամ գավառում, թուրքերեն՝ վիլայեթներում, հայկական բնակչության կողմից Զատիկի նշումը։ Այսինքն՝ թե՛ տեղական, թե՛ կողքի հետազոտական և ուղղակի հետաքրքրվող մեր ինտելեկտուալները միշտ գրել են»,-պատեց Խառատյանը։

Ազգագրագետի խոսքով՝ Սուրբ Զատիկը բավական ներկայացված է 19-րդ դարի 2-րդ կեսի և 20-րդ դարի սկզբի նյութերում, սակայն ավելի վաղ միջնադարյան շրջանի ուղիղ իմաստով նկարագրություններ չունենք։

Հարության տոնին վերագրվող բոլոր նյութերը հետզհետե վերականգնում են հետազոտությունների միջոցով։

«Զատիկը վերականգնվում է, ավելի շատ՝ Հայ Առաքելական եկեղեցու և նրա հոգևորականների ջանքերով և միջոցով։ Նաև ժողովրդական հիշողությունը Զատիկի վերաբերյալ բավական ինտենսիվ պահպանվել էր ի թիվս նաև այն պատճառով, որ չնայած խորհրդային շրջանում ընդհանրապես կրոնական կոչվող տոները և ծեսերը դուրս էին մղվում կյանքից, բայց իրենք նշվում էին ընտանիքներում։ Քանի որ բուն Զատիկը 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին շատ ավելի համայնական տոն էր, քան՝ ընտանեկան, բայց համայնականությունը խաթարվեց Խորհրդային շրջանում, այն տեղավորվեց ընտանիքների կամ մի քիչ ավելի լայն՝ ազգակցական խմբերի ներսում։ Կարելի է ասել,որ այն ծպտվեց որոշ խորհրդային տոների, օրինակ, Զատիկին հաջորդող օրը՝ երկուշաբթի օրը,  մարդիկ  գնում էին գերեզմանատները։ Ըստ քրիստոնեական կրոնի տրամաբանության՝ գնում էին հանգուցյալների հետ կիսվելու Քրիստոսի Հարության ավետիսի գաղափարի ուրախությամբ։ Երբեմն գերեզմանատներում նույնիսկ տեղի էին ունենում զվարճահանդեսներ։ Սեղաններ էին դրվում, իրար հյուր էին գնում մի տապանաքարից՝ մյուսը։  Նույնիսկ այդ օրը շատ հայտնի է, որ շատ ծնողներ իրենց երեխաների ապագայի՝ ամուսնության վերաբերյալ համաձայնություններ էին ստորագրում, նույնիսկ նվագախմբեր էին գալիս գերեզմանատուն և այլն։ Սրանք բոլորը, բնականաբար, դուրս մղվեցին Խորհրդային տարիներին»,- մանրամասնեց Խառատյանը։

Սուրբ Հարության տոնը թեև խորհրդային տարիներին ծպտվեց, սակայն հայկական ընտանիքներում պահպանվեց տոնի գաղափարն ու ցայսօր Հայ Առաքելական եկեղեցու հովանու նշվում է այն։ Սակայն, ազգագրագետն ընդգծում է, որ կան ծեսեր, որոնք դուրս են մղվել։

«Ընդհանուր առմամբ Զատիկը, բազմաթիվ շատ այլ ծեսեր ունի,որոնք ընդհանրապես դուրս են մղվել։ Դրանք չարի դեմ պայքարելու ձևերն են, ժողովրդական ընկալումներով, բարին ներկրելու ձևերն են, մարդկանց հարաբերությունների կարգավորումներն են և եկեղեցական այլ արարողություններ կան, որոնք ավելի ժողովրդական էին,  որովհետև պաշտոնական եկեղեցին չէր նշում։ Սրանք բոլորը դուրս են մղվել կյանքից։Կարելի՞ է արդյոք դրանք վերականգնել, պետք է զգույշ նայել այս խնդրին։ Քանի որ այսօրվա Զատիկը, ընդհանուր առմամբ, օրվա նշում է, նաև այսօր մարդիկ Զատիկին ավելի շատ ընկալում են  եկեղեցու ներսում հնչող պատարագների և ժամերգությունների տրամաբանությամբ, ապա ժողովրդական ընկալումներն ու ծեսերը, ըստ էության, դուրս են մնացել այս տրամաբանությունից։ Զատիկին դաշտագնացությունները, տոնահանդեսը դաշտերում, դրսում իսպառ բացակայում են»,- նշեց ազգագրագետը։

Խառատյանի փոխանցմամբ՝ Զատիկը հայոց մեջ միայն մեկ օր չէր, Զատիկը ձգվող տոն էր։  Զատիկի հաջորդ կիրակին կոչել են «կանաչ» կիրակի կամ կրկնազատիկ։ Եվս  մեկ կիրակի անց կոչել են «կարմիր» կիրակի։

«Այդ կիրակիները գլխավոր զատկական տոների շղթայում էին և այդ օրերին ուխտագնացություններ էին տեղի ունենում։ Դաշտեր,  պարեր ,մեծ շփումներ, նույնիսկ դաշտային միմյանց այցելություններ կային։ Հատկապես  49-օրյա պասից հետո էր Զատիկը և միս ուտել արդեն կարելի էր, ուրեմն դրանք նաև կենդանի մորթելու և մատաղի տրամաբանությամբ միմյանց բաժանելու շրջանակներում դառնում էին մեծ տոնահանդեսներ»։

Ազգագրետը նշեց, որ այս ծեսերը որոշ չափով պահպանվել են Օրինակ՝ Կոտայքի շրջանի բազմաթիվ ուխտավայրեր շարունակում են մնալ Զատիկին հաջորդող երկու կիրակիների ուխտագնացությունների  վայրեր։

Սուրբ Զատկի տոնին մարդու և բնության միջև կային կապի գործողություններ, որոնք պետք է փոխլրացվեին։  Երիտասարդները դաշտ էին գնում՝ աղմուկով, զրգոցով՝ արթնացնելու ցորենը, երկինքը, բերքը և այլն։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder