«Կայունություն» կուսակցությունը հայտարարում է՝ կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին
Քաղաքական
13:06 04/04/2026
Հայաստան

«Կայունություն» կուսակցությունը հայտարարում է՝ կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին

«Կայունություն» կուսակցության հայտարարում է, որ կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին։

«Ինքնուրույն գնալ համապետական ընտրություններին, նշանակում է` ջուր լցնել իշխանության ջրաղացին։

«Կայունություն» կուսակցության վարչությունը,  ելնելով  գաղափարների և մոտեցումների նույնությունից, ինչպես և ընտրողների ձայները չփոշիացնելու նկատառումից,   կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին»,- այս մասին հայտնել է կուսակցության վարչության նախագահ Ֆիրդուս Զաքարյանը։

«Կայունություն» կուսակցության հայտարարությունը «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը սատարելու մասին.

«Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունն ապրում է իր բարդագույն ժամանակաշրջաններից մեկը: Պատերազմական ծանր հետևանքներ /զոհեր,վիրավորներ, գերիներ/ Արցախի հայաթափում, Հայրենիքի սահմանների անձեռնմխելիության ոտնահարում, ավանդական արժեքների ձևախեղում, որի հետևանքով թուլացել է Հայաստանի պաշտպանունակությունը, խաթարվել  երկրի անվտանգային համակարգը: Խեղաթյուրվել է երկրի բարոյահոգեբանական դիմագիծը:Գլխիվայր շրջվել են հային ու Հայաստանին բնորոշ հատկանիշները: Հայրենասիրությունը, Արարատ, Արցախ բառերի օգտագործումը ներկայացվում են որպես պատերազմի հրահրման առիթներ:Իշխանությունները, շահարկելով ընձեռնված լծակներն  ու հնարավորությունները /պետական հեռուստատեսություն, մամուլ, «ներկուսակցական»  ու «աշխատանքային» հանդիպումներ/, առաջնորդվելով  խմբակային շահերով, մոլորեցնում  են հանրությանը, կերակրելով նրան ստի, վախի ու անորոշության ամենօրյա  չափաբաժիններով: Սուտն, իրավամբ, դարձել է պետական քաղաքականություն:

Անհրաժեշտության դեպքում սևը ներկայացվում է սպիտակ, սպիտակը՝ սև: Հայաստանի Հանրապետության գոյությունն ու խաղաղության առկայությունը  հանրահռչակվել են որպես օրվա իշխանության     <<բացառիկ>> ձեռքբերումներ:Ասես իրենցից առաջ Հայաստան ու Հայկական պետություն գոյություն չեն ունեցել:Իսկ խաղաղությունն էլ  «նոր»  երևույթ էր, որն իրենց շնորհիվ  «սկսեց ծագել Արևելքից»:

 Վտանգավոր չափերի է հասել հասարակության պառակտումը:Անհանդուրժողականությունն ու ատելությունը հանրությանը քայքայում են ներսից:Այսպիսի մթնոլորտում ամենալավագույն ծրագրերն անգամ չեն կարող իրագործվել:Հայաստանի Հանրապետությանը հարկավոր է նոր միջավայրի ձևավորում, փոփոխությունների իրականացում բոլոր բնագավառներում, ներքին ու արտաքին քաղաքականության ոլորտում ՝ հավասարակշիռ կեցվածքի որդեգրում:

Այո՛, մեզ այսօր անհրաժեշտ են փոփոխություններ:

Օրվա իշխանությունները դա անել չեն կարող:Նրանք խճճվել են իրենց իսկ հյուսած անիրավության սարդոստայնի մեջ:Ժողովրդավարության քողի ներքո հաստատվել է կառավարման մենիշխանական ձևը, որի միջավայրում լիարժեքորեն չեն գործում իշխանության տարբեր թևերի գործառույթները՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Ստեղծված իրավիճակում, ցանկալի փոփոխությունների հասնելու համար, երկրին անհրաժեշտ են նոր մարդիկ ու քաղաքական նոր ուժեր, որոնք զերծ կմնան վերոնշյալ  սխալներից ու գայթակղություններից:     

Մեր դիտարկմամբ այդպիսի ուժ է իրենից ներկայացնում   «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ: Ուստի «Կայունություն»-ը, իրատեսորեն գնահատելով իրավիճակը,ելնելով ընդհանուր գաղափարների և մոտեցումների նույնությունից, ինչպես և ընտրողների ձայները չփոշիացնելու նկատառումից,  հայտնում է իր աջակցությունը և սատարում է  «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը իր ընտրապայքարում:

Հորդորում ենք «Կայունություն»  կուսակցության անդամներին ու համակիրներին՝ կատարելով  քաղաքացիական պարտքը՝ ակտիվորեն մասնակցել ընտրություններին և  քվեարկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրացուցակի օգտին»։                                                               

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder