Փող չկա՞, թե՞ ապացույց. Ինչո՞ւ է կառավարությունը «խաչ քաշում» աղի հանքում բուժվողների վրա
Առողջություն
13:36 06/04/2026
Հայաստան

Փող չկա՞, թե՞ ապացույց. Ինչո՞ւ է կառավարությունը «խաչ քաշում» աղի հանքում բուժվողների վրա

Հայաստանի մայրաքաղաքի խորքերում գտնվող խորհրդային ժամանակաշրջանի աղի հանքը, որը վերածվել է առողջարարական հիվանդանոցի, դարձել է այլընտրանքային բժշկության և ժամանակակից առողջապահության շուրջ ծավալվող բանավեճերի կենտրոն։ Այցելուներն իջնում են 235 մետր խորության վրա գտնվող Երևանի «Հանրապետական անձավաբուժական կենտրոն», որտեղ բուժումն իրականացվում է ոչ թե դեղորայքով, այլ հսկայական աղե քարանձավների հանքանյութերով հարուստ օդը շնչելով, ինչը, հավատացած են, թեթևացնում է շնչառական հիվանդությունները: Այս մասին գրում է Euronews-ը։

Սպելեոթերապիան (հունարեն spḗlaion՝ «քարանձավ» բառից) այլընտրանքային շնչառական թերապիայի ձև է, որը հիմնված է ստորգետնյա միջավայրերում, օրինակ՝ աղի հանքերում, երկար ժամանակ անցկացնելու վրա:

Կլինիկան բացվել է 1987 թվականին և տասնամյակներ շարունակ գործել է Հայաստանի հանրային առողջապահության համակարգի կազմում։ Սակայն 2019 թվականին կառավարությունը կրճատել է դրա ֆինանսավորումը՝ հայտարարելով, որ բուժումը չի համապատասխանում երկրի համընդհանուր առողջապահական բարեփոխումների շրջանակում պահանջվող ապացուցողական չափանիշներին: Այդ ժամանակից ի վեր կենտրոնը պայքարում է գոյատևման համար, նույնիսկ երբ պացիենտները շարունակում են երկար ճանապարհ կտրել՝ այնտեղ ամոքում գտնելու հույսով:

63-ամյա մեխանիկ-ինժեներ Արմեն Ստեփանյանը, որ այստեղ է եկել  Ռուսաստանի Սիբիրյան Կեմերովո քաղաքից, ավելի քան տասը տարի շարունակ ամեն տարի վերադառնում է այս քարանձավներ՝ բուժելու ծանր ասթման. «Ես ասթմա ունեմ 37 տարեկանից: Ինչ-որ պահի վիճակս շատ վատացավ, և ոչինչ չէր օգնում: Գնացի սանատորիա, բայց դա էլ չօգնեց, ուստի ի վերջո եկա այստեղ»:

Նա թերապիան նկարագրում է որպես կյանքը փոխող փորձառություն. «Ես կարծում էի, թե սա փրկություն է: Դրանից հետո ամեն տարի գալիս եմ Երևան, բացառությամբ կորոնավիրուսի տարվա: Սա արդեն 13-րդ անգամն է, որ գալիս եմ այս քարանձավները բուժման համար»:

Թունելների ներսում պացիենտները հանգստանում են, նաևև քնում, մարզվում կամ մասնակցում խմբակային թերապիայի սեանսների, իսկ այդ ընթացքում բժիշկները վերահսկում են նրանց շնչառությունը և թոքերի աշխատանքը: Ստորգետնյա միջավայրը պաշտպանված է ալերգեններից, աղտոտվածությունից և ջերմաստիճանի տատանումներից:

Բժիշկ Անուշ Ոսկանյանը կլինիկայում աշխատում է դրա բացման օրից՝ գրեթե չորս տասնամյակ:

«Այս կենտրոնը գտնվում է 235 մետր խորության վրա՝ աղի հանքերի խորքում: Մեր հիվանդանոցը հիմնադրվել է մոտ քառասուն տարի առաջ, և ես այստեղ աշխատում եմ դրա ստեղծման օրվանից: Մենք հիմնականում բուժում ենք բրոնխիալ ասթմայով, ալերգիկ հիվանդություններով, հատկապես շնչառական և մաշկային ալերգիաներով տառապող պացիենտներին»,-ասում է նա։

Մասնագետի խոսքով, ստորգետնյա պայմանները բուժման արդյունավետության գրավականն են. «Այստեղ օդը իոնացված է, իսկ ջերմաստիճանը հաստատուն է ողջ տարվա ընթացքում՝ 19–20°C, և անընդհատ չի տատանվում: Սա պայմանավորված է երկրակեղևի խորությամբ: Այստեղ ճառագայթումը հասցված է զրոյի։ Այստեղ չկան մակերևութային մագնիսական ռադիոալիքներ, աղմուկ, փոշի կամ ալերգեններ, և այս բոլոր գործոնների շնորհիվ մենք ստանում ենք բուժիչ էֆեկտը»։

Պետական աջակցության դադարեցումը կտրուկ նվազեցրել է պացիենտների թիվը և կասկածի տակ դրել կենտրոնի ապագան:

«Մեր կենտրոնն այժմ ճգնաժամի մեջ է, քանի որ մենք այլևս պետական ֆինանսավորում չենք ստանում: Կենտրոնը վտանգված է և կարող է ստիպված լինել ամբողջությամբ փակվել: Արդյունքում պացիենտները հնարավորություն չեն ունենում բուժում ստանալ պետական աջակցության բացակայության պատճառով: Մենք հույս ունենք, որ ներդրողներ կհայտնվեն, և կենտրոնը կվերածնվի»,- ասում է Ոսկանյանը:

Այսպիսով, կենտրոնի ապագան վտանգված է, քանի որ Կառավարությունը 2019 թվականից ի վեր դադարեցրել է դրա ֆինանսավորումը, պատճառաբանելով, թե չկան համապատասխխան ապացույցներ բուժման արդյունավետության վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փող չկա՞, թե՞ ապացույց. Ինչո՞ւ է կառավարությունը «խաչ քաշում» աղի հանքում բուժվողների վրա