Հարսանիքի ընթացքում կատարված խոշոր գողությունը, և ոչ միայն դա, բացահայտվել են
Իրավունք
12:33 08/04/2026
Հայաստան

Հարսանիքի ընթացքում կատարված խոշոր գողությունը, և ոչ միայն դա, բացահայտվել են

Բնակարանային գողության վերաբերյալ առաջին հաղորդումը Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էր դեռևս անցած տարվա նոյեմբերի 16-ի գիշերը։

Հայտնել էին, որ հարսանիքից վերադարձել են Մրգաշատ գյուղի իրենց տուն և տեսել, որ պատուհանից մուտք գործելու միջոցով գողացել են ոսկեղեն ու 10 հազար դոլլար։ Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Ոստիկանությունից հայտնում են՝ մարտի 22-ի գիշերը բնակարանային գողության վերաբերյալ ևս երկու հաղորդում ստացվեց նույն գյուղի երկու այլ բնակիչներից։ Երկու դեպքում էլ, օգտվելով տանտերերի բացակայելու հանգամանքից, բացել էին եվրոպատուհանը և գողացել մի դեպքում գումար, մյուս դեպքում՝ ոսկեղեն։

Կասկածելիների շրջանակը նեղացավ, և Արմավիրի քրեական ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումները հասան տրամաբանական ավարտի։
Հիշյալ գողությունները կատարելու կասկածանքով ապրիլի 6-ին ձերբակալվեցին ու վարչություն տեղափոխվեցին նույն գյուղի բնակիչ 30-ամյա մի տղամարդ ու նրա համագյուղացի ընկերուհին։

Նրանք ներկայացվեցին նախաքննական մարմին։ 30-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

Ձեռնարկվում են միջոցներ երեք դեպքով գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder