Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այո, պահանջում և խնդրում ենք, որ տիկին Վարդապետյանն իջնի ներքև ու զրուցի մեզ հետ. Աննա Հովհաննիսյան
Մի խումբ հասարակական ակտիվ գործիչներ, հիմնականում կանայք, քաղաքացիներ այս պահին խաղաղ ակցիա են իրականացնում Գլխավոր դատախազության շենքի դիմաց՝ ի աջակցություն կալանավորված 18-ամյա աշակերտ Դավիթ Մինասյանի։
Մասնակիցների թվում է նաև «Իմոնք» բարեգործական հիմնադրամի ղեկավար Աննա Հովհաննիսյանը, ում կազմակերպած ու իրականացրած դրամահավաքների շնորհիվ բազմաթիվ երեխաներ ծանր հիվանդություններ են հաղթահարել ու ապրել։
«Դավիթն ունի բազմաթիվ առողջական խնդիրներ, զրկված է կրթություն ստանալու իրավունքից։ Մենք՝ սրտացավ քաղաքացիներով այստեղ ենք, որպեսզի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ներկայացնենք մեր խնդրանք-պահանջը՝ ազատ արձակել Դավիթ Մինասյանին կամ գոնե սահմանել համաչափ պատժամիջոց՝ պայմանական տնային կալանք։ Պահանջում և խնդրում ենք, որ տիկին Վարդապետյանը իջնի ներքև, զրուցի մեզ հետ»,-ասաց Հովհաննիսյանը։
Այս պահին դատախազությունից առաջարկել են երկու հոգու ուղեկցել շենք, որպեսզի բաժնի պետերից մեկին հանձնեն նամակը։
«Բայց մեր նպատակը ոչ թե շենք մտնելն է, այլ տիկին Վարդապետյանի հետ հանդիպելը»,-ասաց Աննա Հովհաննիսյանը։
Վանաձորից եկած կինը մանրամասնեց, Դավիթին չի ճանաչում, նրան երբեք չի տեսել, ընտանիքի հետ ծանոթ չէ։ Մինչ այստեղ հասնելը նախաձեռնել էր ստորագրահավաք, որպեսզի ՄԻՊ-ը պատշաճ ուշադրություն դարձնի խնդրին։ Դրա ներքո ստորագրել է 4000 քաղաքացի, սակայն ՄԻՊ Անահիտ Մանասյանի տարածած հայտարարությունը նրան չի բավարարել։
Ավելի ուշ դատախազություն հանձնած դիմումում, որի ներքո ստորագրել են բազմաթիվ քաղաքացիներ, ասված է.
«Հարգելի՛ տիկին Վարդապետյան,
Մենք՝ ՀՀ քաղաքացիների մի խումբ, չպատկանելով որևէ կուսակցության կամ քաղաքական շարժման, դիմում ենք Ձեզ՝ խնդրելով ուշադրություն դարձնել 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառված կալանքի միջոցին։ Դավիթ Մինասյանը դպրոցական է և ունի առողջական խնդիրներ, որոնք, մեր համոզմամբ, անհամատեղելի են կալանքի պայմանների հետ և կարող են վտանգել նրա առողջությունն ու կյանքի անվտանգությունը։
Բացի այդ, նա փաստացի զրկված է կրթություն ստանալու հնարավորությունից՝ այն դեպքում, երբ դպրոցում աչքի է ընկնում բարձր առաջադիմությամբ։ Ստեղծված իրավիճակը կարող է անդառնալի ազդեցություն ունենալ նրա հոգեբանական վիճակի, կրթության և ապագայի վրա։ Մենք համոզված ենք, որ տվյալ իրավիճակում կիրառված խափանման միջոցը անհամաչափ ծանր հետևանքներ է առաջացնում, հատկապես՝ հաշվի առնելով Դավիթի տարիքը և առողջական վիճակը։ Խնդրում ենք.
1. Ձեր լիազորությունների շրջանակում վերացնել Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառված կալանքը:
2. Ձեռնարկել քայլեր, որպեսզի հնարավորինս արագ վերականգնվի Դավիթ Մինասյանի՝ կրթություն ստանալու իրավունքը։
Մենք մեր դիմումը ներկայացնում ենք որպես քաղաքացիական խնդրանք և մարդկային կոչ՝ առաջնորդվելով մարդասիրության, համաչափության և մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներով։ Հույս ենք հայտնում, որ Դուք ուշադրությամբ կվերաբերվեք մեր դիմումին և կձեռնարկեք անհրաժեշտ քայլեր՝ կանխելու երիտասարդի կյանքի և ապագայի հնարավոր ծանր հետևանքները»։
Հիշեցնենք, որ 12-րդ դասարանցի Դավիթ Մինասյանը կալանավորվեց Ծաղկազարդի տոնին՝ մարտի 29-ին։ Նա Սուրբ Աննա եկեղեցում ներկա էր պատարագին, երբ Փաշինյանն իր շքախմբով ներս մտավ, ու հավատացյալներին աղոթքի պահին սկսեցին այս ու այն կողմ հրել։ Դրա արդյունքում տեղի ունեցած միջադեպից հետո Դավիթ ու Միքայել Մինասյաններին ձերբակալեցին, ավելի ուշ Դավիթի եղբորն ազատ արձակեցին, իսկ Դավիթին կալանավորեցին երկու ամսով։ Նախ «Արմավիր», ապա «Աբովյան» ՔԿՀ տեղափոխելիս Դավիթի ինքնազգացողությունը վատացել էր, գիտակցության կորուստներ էր ունեցել, այս պահին նա գտնվում է «Նաիրի» ԲԿ-ում։