FT. Մերձավոր Արևելքի ճգնաժամի ֆոնին ԵՄ-ն մեծացնում է ռուսական գազի ներմուծումը
Քաղաքական
13:01 10/04/2026
Աշխարհ

FT. Մերձավոր Արևելքի ճգնաժամի ֆոնին ԵՄ-ն մեծացնում է ռուսական գազի ներմուծումը

Եվրոպան այս տարվա առաջին երեք ամիսներին ավելացրել է Ռուսաստանից բնական գազի ներմուծումների ծավալը,  քանի որ Մերձավոր Արևելքի հակամարտությունը ճնշում է գործադրում համաշխարհային մատակարարումների վրա։ Այս մասին գրում է Financial Times-ը։

Kpler էներգետիկայի հետազոտական ​​խմբի տվյալների համաձայն՝ Սիբիրի «Յամալ» հեղուկացված բնական գազի  (ՀԲԳ) նախագծից ԵՄ ներմուծումն առաջին եռամսյակում աճել է 17 տոկոսով՝ հասնելով 5 մլն տոննայի՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Urgewald բնապահպանական ոչ առևտրային կազմակերպության գնահատմամբ, սա հանգեցրել է այն բանին, որ ԵՄ անդամ երկրները այս հսկա գործարանից գազ ձեռք բերելու համար ծախսել են 2,88 մլրդ եվրո։

Այս տվյալները հրապարակվել են այն ժամանակ, երբ Քաթարի հեղուկացված բնական գազի մատակարարումները կրճատվել են Մերձավոր Արևելքի էներգետիկ ենթակառուցվածքների վնասման և Հորմուզի նեղուցի վրա Իրանի վերահսկողության պատճառով։ Դրանք ենթադրում են, որ Յամալ նախագիծը շահույթ է ստացել Մերձավոր Արևելքի ճգնաժամի հետ կապված գազի գների աճից։

Չնայած գազի համաշխարհային մատակարարումներին հասցված հարվածին, պաշտոնական Բրյուսելը մեծ ցանկություն չի ցուցաբերում  ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծման արգելքը վերանայելու հարցում։ Հիշեցնենք, որ արգելքն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարին: Կարճաժամկետ պայմանագրերով ներմուծման արգելքն արդեն ուժի մեջ է մտել:

 

Յամալն ապահովում է ԵՄ ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծման մեծ մասը։ Այս տարվա առաջին երեք ամիսներին ԵՄ-ն Յամալից ստացել է 71 բեռից 69-ը կամ 97 տոկոսը, որոնցից 25-ը՝ մարտ ամսին, ինչն ավելի շատ է, քան հունվարին ու փետրվարին առանձին-առանձին վերցրած։ Համեմատության համար նշվում է, որ 2025 թվականի նույն ժամանակահատվածում 68 բեռներից 87 տոկոսն է ուղարկվել ԵՄ, մնացածն ուղարկվել է Ասիա։

 

Ասիա առաքվող բեռների նվազումն այս տարի մասամբ պայմանավորված է անցյալ տարի ուժի մեջ մտած ԵՄ արգելքով, որը կանխում է ռուսական հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) տեղափոխումը նավերի միջև: Այն նաև արգելում է նավերին կանգնել դաշինքի նավահանգիստներում՝ նախքան ԵՄ անդամ չհանդիսացող երկրներ բեռներ տեղափոխելը:

Թեև Յամալի պայմանագրերի մանրամասները հայտնի չեն, նախագծին ծանոթ անձինք նշել են, որ երկարաժամկետ պայմանագրերի գները որոշակի ճկունություն ունեն և բարձրանում են էներգակիրների թանկացման ժամանակ։ Եվրոպական հանձնաժողովը անմիջապես չի արձագանքել FT-ի՝ մեկնաբանության խնդրանքին։ Հանձնաժողովի 2026 թվականի տվյալները ցույց են տալիս, որ մինչ օրս ԵՄ ներմուծված հեղուկացված բնական գազի 2/3-ից ավելին եկել է ԱՄՆ-ից, ինչը վկայում է ամերիկյան մատակարարումներից մինչ օրս կախվածության ամենաբարձր մակարդակի մասին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder