Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
1991-ին ՀՀ-ն լքած քաղաքացին կարո՞ղ է որոշի, թե ես ոնց եմ ապրելու Հայաստանում. Նազարյանը՝ ԿԸՀ նախագահին
«Դուք նշեցիք՝ մոտ 2 միլիոն 400 հազար մարդ ընտրող ունենք։ Այսինքն, այն խոստումը, որ տվել էիք տարիներ առաջ՝ ցուցակները կմաքրվեն, կմնան միայն նրանք, ովքեր իրականում ապրում են Հայաստանում, պարզվեց՝ ոչ, մենք էլի նույն խնդիրն ունենք,- ԱԺ-ում ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2024-2025 թթ. գործունեության մասին հաղորդման ներկայացման ժամանակ դիմելով ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին՝ ասաց պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Նա նաև նշեց. «Ասենք 1991 թվականին Հայաստանը լքած քաղաքացին, որը ինչ-ինչ պատճառներով ունի ՀՀ անձնագիր, ինքը կարո՞ղ է որոշի՝ թե ես ոնց եմ ապրելու Հայաստանում, նորմալ եք համարո՞ւմ։ Ես նորմալ չեմ համարում»։
Նազարյանը նաև նշեց, որ օրենսդրությունը հստակ կարգավորում է՝ ով կարող է լինել վարչապետ, ով կառավարության անդամ, ով պատգամավոր. «Այո, կան կարգավորումներ, բայց Հայաստանի քաղաքացիները պարտավոր չեն իմանալ օրենսդրության բոլոր նրբությունները։ Երբ որ տեսնում ենք մեկը կոստյումով, փողկապով, լուրջ դեմքով ասում է՝ «սիրելի հայրենակիցներ, մենք որ հաղթենք, վարչապետը լինելու է կոկորդիլոս Գենան։
Մենք դա ո՞նց ենք կարգավորում, այսինքն կարո՞ղ ենք խաբել։ Դա թույլատրելի՞ է»։
Վահագն Հովակիմյանն ասաց, որ ցուցակները մաքրված են. «Ցուցակներում ընդգրկված բոլոր անձինք Հայաստանի քաղաքացիներ են, ովքեր ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթ։ Այսինքն, 1991 թվականին Հայաստանից հեռացած մարդը, ով Հայաստան չի եկել, չի գնացել, որևէ կապ չունի Հայաստանի հետ, ինքը ՀՀ ընտրողների ցուցակում ներառված չէ։
Ինչ վերաբերում է ապրելու խնդրին. Սահմանադրությունն է ամրագրում, թե ով իրավունք ունի քվեարկելու։ Սահմանադրությունն ամրագրում է՝ ընտրելու իրավունք ունեն ընտրության օրը 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի։
Պատգամավորների թեկնածուների պարագայում՝ 25 տարին լրացած, վերջին 4 տարին միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարին մշտապես ՀՀ-ում բնակվող մեր քաղաքացիները։
Սահմանադրության կարգավորումները հստակ են։
Ինչու եմ սա ասում. եթե կոկորդիլոս Գենան լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ում 25 տարին լրացել է, ով վերջին 4 տարում հանդիսացել է միայն ՀՀ քաղաքացի, վերջին 4 տարում մշտապես բնակվել է Հայաստանում, ուրեմն չգիտեմ...
Մեր քաղաքացիների անուններն էլ... Մենք չենք որոշում, թե մեր քաղաքացիները ինչպես պետք է իրենք իրենց կոչեն»։