Դատախազությունը մերժել է Դավիթ Մինասյանի պաշտպանների միջնորդությունը
Իրավունք
17:33 10/04/2026
Հայաստան

Դատախազությունը մերժել է Դավիթ Մինասյանի պաշտպանների միջնորդությունը

Դավիթ Մինասյանի պաշտպաններ Արամ Վարդևանյանի և Հակոբ Կուրեղյանի կողմից ներկայացված միջնորդությունը հսկող դատախազի կողմից մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին գլխավոր դատախազությունից։

Նշենք, որ ապրիլի 1-ին փաստաբան Արամ Վարդևանյանը գործընկերների հետ միասին վերաքննիչ բողոք և հրատապ միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ փոխելու 18-ամյա Դավիթ Մինասյանի խափանման միջոցը և վերացնելու վերջինիս նկատմամբ կիրառված կալանքը։

Ըստ փաստաբանի՝ Մինասյանին կալանավորելու որոշում կայացրած դատարանն ուղղակի անտեսել է մարդասիրության սկզբունքը՝ ցուցաբերելով իրավական ժխտողականություն։ Նրա խոսքով՝ այն հիմնավորումները, որոնք տրվել են դատարանի կողմից, իրավաբանությունից հեռու են։

Հիշեցնենք, որ մարտի 29-ին՝ Ծաղկազարդի օրը,  պատարագից հետո Դավիթ Մինասյանին ձերբակալել էին  Սուրբ Աննա եկեղեցու բակից Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի պատճառով,  ապա մեղադրանք առաջադրել, կալանավորել 2 ամսով։ Դատարանից «Արմավիր» ՔԿՀ չհասած՝ Դավիթը գիտակցության կորուստ էր ունեցել։ Նրան տեղափոխել էին Էջմիածին ԲԿ։ Դավիթին այնուհետև «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել էին «Աբովյան» ՔԿՀ։ Հիմնարկ չհասած՝ կրկին Դավիթը գիտակցության կորուստ է ունեցել, ինչից հետո նրան տեղափոխել են նախ «Աբովյան» ԲԿ, ապա Երևան՝ «Նաիրի» ԲԿ, որտեղ էլ գտնվում է մինչ այժմ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դատախազությունը մերժել է Դավիթ Մինասյանի պաշտպանների միջնորդությունը