Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տաթև Դանիելյան, Ռուբեն Բաբայան... Հայկական պատվիրակությունը Ադրբեջանում է
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ապրիլի 10-12-ը Ադրբեջանում տեղի կունենա «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում հերթական երկկողմ կլոր սեղանը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ տարածելով հայկական պատվիրակության ժամանման լուսանկարներ, տեսանյութեր։
«Հայկական Խորհուրդ» ՀԿ-ից հայտնում են. «2026 թվականի ապրիլի 10-12-ը, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում, Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ Ադրբեջանում տեղի կունենա հերթական երկկողմ կլոր սեղանը։
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը շարունակում է խթանել երկխոսությունն ու ուղիղ ներգրավվածությունը Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև։ Այս առիթով հայկական պատվիրակությունը Ադրբեջան է ժամանել ցամաքային սահմանով՝ անցնելով պաշտոնապես սահմանազատված և սահմանագծված հատվածով, հետևելով սահմանային ու անձնագրային վերահսկողության բոլոր համապատասխան ընթացակարգերին։
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև երկխոսությունն ընթանում է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Ադրբեջանի, Հայաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների եռակողմ գագաթնաժողովում հաստատված երկկողմ խաղաղության օրակարգի շրջանակներում։
Հանդիպման օրակարգը ներառում է քննարկումներ խաղաղության գործընթացի ներկա վիճակի, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների կողմից իրենց երկրներում իրականացված գործողությունների ու դրանց արդյունքների, ինչպես նաև՝ տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Առանձին նիստեր կնվիրվեն հանրային շրջանակներում խաղաղության առաջմղմանն ուղղված ջանքերին և խաղաղության գործընթացի հաջորդ փուլերում վստահության մակարդակի բարձրացմանը։
Հայաստանյան կողմի մասնակիցներն են․
- Արեգ Քոչինյան – «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի նախագահ, համակարգող
- Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ
- Նաիրա Սուլթանյան – Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն
- Նարեկ Մինասյան – «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ
- Սամվել Մելիքսեթյան – «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի փորձագետ
- Ստեփան Գրիգորյան – Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ
- Էդգար Վարդանյան – «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ
- Ռոբերտ Ղևոնդյան – «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի փորձագետ
- Լուսինե Խառատյան – Գրող, մշակութային մարդաբան
- Նելլի Մինասյան – Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, թուրքագետ
- Դավիթ Ստեփանյան – 1in.am-ի քաղաքական մեկնաբան, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ
- Ռուբեն Բաբայան – Երևանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար
- Էլեոնորա Սարգսյան – Խաղաղության և գենդերային հարցերի փորձագետ, երիտասարդական աշխատող
- Նաիրա Մարտիկյան – JAMnews-ի հայաստանյան գրասենյակի խմբագիր և տնօրեն
- Վազգեն Կարապետյան – «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի ծրագրերի ղեկավար
- Տաթև Դանիելյան – Հայաստանի հանրային հեռուստաընկերության քաղաքական հաղորդումների գլխավոր խմբագիր և հաղորդավար
- Արմեն Պետրոսյան – «Օրբելի» կենտրոնի տարածաշրջանային քաղաքականության փորձագետ
- Ալեն Ամիրխանյան – Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) «Յակոբեան» բնապահպանական կենտրոնի տնօրեն
- Նելլի Ռաֆայելյան – Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի լրագրող
- Հանրային հեռուստաընկերության օպերատոր





