Artemis II-ի անձնակազմը հաջողությամբ վերադարձել է Երկիր. Լուսնի շուրջ պատմական թռիչքն ավարտված է
Աշխարհում
14:52 11/04/2026
Աշխարհ

Artemis II-ի անձնակազմը հաջողությամբ վերադարձել է Երկիր. Լուսնի շուրջ պատմական թռիչքն ավարտված է

Artemis II տիեզերանավը և դրա չորս հոգանոց անձնակազմը, ճեղքելով Երկրի մթնոլորտը, ուրբաթ օրը ապահով վայրէջք կատարեց Խաղաղ օվկիանոսում։ Սրանով եզրափակվեց վերջին կես դարում մարդկանց առաջին թռիչքը դեպի Լուսնի մակերևույթ, որը տևեց շուրջ 10 օր։ Ընդամենը չորս օր առաջ այս տիեզերագնացները գտնվում էին Երկրից 252,756 մղոն հեռավորության վրա՝ տիեզերքի ավելի խորը շերտերում, քան երբևէ որևէ մարդ նախկինում եղել էր։ Այս մասին գրում է Reuters-ը։

Artemis II-ը, որն ընդհանուր առմամբ անցել է 694,392 մղոն (1,117,515 կմ)՝ կատարելով երկու պտույտ Երկրի շուրջ և մոտենալով Լուսնի մակերևույթին մինչև 4,000 մղոն հեռավորության վրա։ Այս ծրագրի նպատակն է 2028 թվականից վերսկսել տիեզերագնացների վայրէջքները Լուսնի մակերևույթին։

Վայրէջքը հեռարձակվում էր NASA-ի ուղիղ եթերով։

«Իդեալական վայրէջք հենց թիրախի կենտրոնում՝ Integrity-ի և դրա չորս տիեզերագնացների համար»,- վայրէջքից վայրկյաններ անց հայտարարել է NASA-ի մեկնաբան Ռոբ Նավիասը:

«Մենք կայուն վիճակում ենք, չորս տիեզերագնացներն էլ իրենց լավ են զգում»,- ռադիոկապով հայտնել է առաքելության հրամանատար Ռիդ Ուայզմենը՝ հաստատելով, որ պատիճը ուղղահայաց դիրքում է, իսկ անձնակազմը՝ անվնաս։

NASA-ի և ԱՄՆ ռազմածովային ուժերի փրկարարական թիմերից պահանջվեց երկու ժամից պակաս՝ ջրի վրա գտնվող պատիճը ֆիքսելու և անձնակազմի անդամներին դուրս բերելու համար: Տիեզերագնացներն են՝ Ռիդ Ուայզմենը (50 տարեկան), Վիկտոր Գլովերը (49 տարեկան), Քրիստինա Կոխը(47 տարեկան) և կանադացի տիեզերագնաց Ջերեմի Հանսենը (50 տարեկան)։

Անձնակազմի վերադարձը համարվում էր առաքելության ամենառիսկային փուլը։ Այն պետք է փորձարկեր Lockheed Martin ընկերության կողմից կառուցված Orion տիեզերանավի ջերմային վահանի դիմացկունությունը լուսնային հետագծից Երկիր վերադառնալու գերհզոր ճնշման պայմաններում։

Տիեզերանավը մտավ Երկրի մթնոլորտ ձայնի արագությունը 32 անգամ գերազանցող արագությամբ։ Մթնոլորտային շփման հետևանքով ջերմային վահանը տաքացել էր մինչև 5,000 աստիճան ըստ Ֆարենհայթի (2,760 աստիճան ըստ Ցելսիուսի): Իոնացված գազի շերտը շրջապատել էր տիեզերանավը, ինչը, ըստ պլանի, հանգեցրել էր ավելի քան վեց րոպե տևողությամբ ռադիոկապի բացակայության՝ վերադարձի ամենածանր պահին։ Լարվածությունն անցավ այն ժամանակ, երբ կապը վերականգնվեց (թեև դա տեղի ունեցավ սպասվածից 40 վայրկյան ուշ)։ Ազատ անկման մեջ գտնվող պատիճի քթամասից բացվեցին պարաշյուտները՝ դանդաղեցնելով արագությունը մինչև 25 կմ/ժ, ինչից հետո «Orion»-ը մեղմորեն դիպավ ջրին։

Աղբյուրը նշել է, որ տիեզերագնացներ Գլովերն ու Կոխը լայն ժպտում և ձեռքով էին անում տեսախցիկներին, երբ նստած էին ուղղաթիռի դռան եզրին: NASA-ն հայտնել էր, որ անձնակազմը գիշերը կանցկացնի նավի վրա, իսկ շաբաթ օրը կթռչի Հյուսթոն՝ վերջապես հանդիպելու իրենց ընտանիքներին։
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Artemis II-ի անձնակազմը հաջողությամբ վերադարձել է Երկիր. Լուսնի շուրջ պատմական թռիչքն ավարտված է