Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ժողովուրդ ջան, Վանաձորը մի մե՜՜՜՜՜ծ «զաբռոշկա» է. Վանաձորցու արձագանքը Փաշինյանի այսօրվա այցին
«Ուրեմն սարից իջնում եմ Վանաձորի Նարեկացի փողոց՝ 3-րդ մաս թաղամաս, ու տեսնում՝ ամեն մի քանի մետրը մեկ պարեկ է կանգնած։ Քայլում եմ՝ մինչև հասնեմ քաղաքի կենտրոն (իսկ դրան դեռ շատ կար) ու տեսնում՝ պարեկային մեքենա կտրուկ անցավ, հետո 2-րդը, հետո 3-րդը ու այսպես 11 հատ»,-ֆեյսբուքում գրում է հոգեբան, վանաձորցի Մելինա Սահակյանը և շարունակում.
«Հասկանում եմ, որ «ինչ-որ բան» է տեղի ունեցել։ Հետո իմանում եմ, որ վարչապետն էր այցելել Վանաձոր։ Ուրեմն մեր սիրելի վարչապետը 1 ժամ 9 րոպե լայվ ա անում Վանաձորի Տիգրան Մեծ պողոտայից, որն այլ կերպ կոչում ենք պրոսպեկտ։ Ընդգծում են փողոցաշինությունը։ Նշվում է, որ 35 մլն դոլարի ներդրում է կատարվել ու վերանորոգվել է 42 փողոց։ Ու խոսում են հետագայում գումար ներգրավելու մասին այլ փողոցներ ևս վերանորոգելու համար։
Բախտի բերմամբ թե պատահմամբ ես այսօր 8կմ քայլած եմ լինում Տարոն 2-ից Կոնգո (3-րդ մասից մի քիչ վերև) ու ևս 5 կմ Վանաձոր քաղաքի մեջ՝ Նարեկացի փողոցից տուն հասնելու համար։
Եթե մի գծով հաշվեմ Վանաձոր քաղաքի մի ծայրից մյուսը՝ Դարպաս գյուղից Շահումյան համայնք, ստացվում է մոտ 13կմ։ Ուզում եմ ասել, որ ես, որպես մեր թաղերում հայտնի «սարերի բոշա» քայլել եմ Վանաձորի գրեթե բոլոր հայտնի թաղամասերով, ու այսօր էլ էլի բավական բան բացահայտեցի ինձ համար։
Հիմա ինչ է ասածս. ես փողոցաշինությունից բան չեմ հասկանում ու չգիտեմ՝ մոտ 13 կմ (մի քիչ ավել - մի քիչ պակաս) քաղաքի փողոցաշինության համար որքան գումար է անհրաժեշտ, ուստի այդ թեմային չեմ անդրադառնա։ Բայց մի հարց էլի. քաղաքի զարգացումը փողոց սարքե՞լն է միայն։
Քանի որ մեր վարչապետը իր Վանաձորում եղած ժամանակի 1 ժամ 09 րոպեն անցկացրեց մի խումբ մարդկանց հետ պրոսպեկտի Մելոդիայի շենքի դիմաց սոցապ նախարարության զբաղվելիք հարցեր քննարկելով ու փողոցաշինությունը որպես քաղաքաշինություն մատուցելով, թույլ տվեք լուսավորեմ մի քիչ Վանաձոր քաղաքի մասին։
Ժողովուրդ ջան, Վանաձորը մի մե՜՜՜՜՜ծ «զաբռոշկա» է։ Կամակատարից քայլել եմ հին եկեղեցին ու ասեմ մի կարևոր բան. Կամակատարի բլրի ստորոտը ամբողջությամբ աղբ է։ Այդ աղբը սովորական կենցաղային աղբ չէ միայն, այստեղ կա շինարարական աղբ, տեխնիկական աղբ, աչքովս ընկան հին զուգարան, մատռաս, բրդյա վերմակ ու նման բաներ։ Ու դա այնքան շատ, որ գուցե շուտով Երևանի Նուբարաշենի կրկնօրինակը ունենանք Վանաձորի Տարոն թաղամասում։ Ի՞նչ ենք անելու, վառելու՞ ենք։ Չէ լավ է որ փողոցները վերանորոգում են, բայց դա ընդամենը ֆասադն է, եկեք ֆասադը տարբերենք էությունից, խնդրում եմ։
Սա Կամակատարի՝ վանաձորյան ուխտատեղիներից մեկի մասին։ Բայց այս ուխտատեղիի պղծումը չի ավարտվում աղբով։ Այստեղ շահագործվում է հանք՝ հենց Տարոն թաղամասերի անմիջապես հետևում։ Մի քիչ ուսումնասիրեցի, ոնց հասկացա՝ ֆելզիտի հանք է, որ քիչ վնասակար է համարվում ու կարծես թե աչքաչափով հեռավորությունը բնակավայրից 500+ մ պահպանված է։ ԲԱՅՑ այս հատվածում սարերը մեծամասամբ առանց ծառ են ու քամիները՝ ուժեղ։ Ու հավանաբար հանքի փոշին շրջում է ողջ տարածքով։
Բայց սա էլ դեռ վերջը չէ։ Տարոն 2 թաղամասից ու Կամակատարից, հանքավայրից մի քիչ էլ առաջ քայլելով հասնում ենք «Թույներ» պոչամբար, որտեղ հավաքվել են նախկին քիմ. գործարանի կեղտերը՝ մկնդեղ, կապար, կադմիում, սնդիկ և այլ թունավոր տարրեր։ Եվ երևի գուշակեցիք. այո, այո, այս թաղամասում էլի կրկնեմ ծառերը քիչ են, սարերը ավելի շատ մերկ են, ու քամիները տարածում են ոչ միայն հանքի, այլև պոչամբարի փոշին, քանի որ պոչամբարը բաց է ու չորանում է, ու դրանից փոշի է արտադրվում։
Իսկ հիմա անցնեմ մյուս վանաձորյան ուխտատեղիին՝ հին՝ Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցուն, որի անունով էլ քաղաքի 1-ին անունը եղել է Ղարաքիլիսա՝ սև եկեղեցի։ Բլուրը, որի վրա եկեղեցին է, գտնվում է Փամբակ ու Տանձուտ գետերի միախառնման վայրում ու ամբողջը կենցաղային աղբ է։ Կարծում եմ՝ լավ էլ կհավատաք, եթե ասեմ, որ գետերի ողջ երկայնքով բնակիչներն աղբը գետերն են լցնում։
Նաև առաջին անգամ էի քայլում այս փողոցներով ու ուր նայում էի, քանդված էր ու ավերակ։ Նաև Վանաձոր նոր մտնելիս ու էլի հենց Տարոն թաղամասերում, նաև 3-րդ մաս թաղամասում կտեսնեք լիքը մետաղական աղբ՝ հին մեքենաներ ու նման բաներ։ Նաև ասեմ, որ Կոնգո թաղամասի սեփական տները մեծ մասամբ շատ վատ վիճակում են։ Նման աղբով է լցված նաև Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու՝ հին եկեղեցու բլրի տակը։
Չգիտեի, որ կզայրանամ էսօրվա պրոսպեկտային - ֆասադային լայվի վրա ու նման բան կգրեմ, թե չէ ամբողջը ֆոտոներ կանեի։ Բայց հասցրել եմ բլուրների վրայից վիդեո անել, որը մեծացնելու դեպքում երևում են լիքը ավերակներ, շենքեր՝ առանց պատուհանների, քանդված տանիքներ, շենքերի «կարկատած» ֆասադներ։ Սովորաբար ես սարերից իջնում եմ ուրախ ու լիցքավորված, այսօր իջել եմ սիրտս շատ ցաված։
Ու էս ամենի ֆոնին վարչապետի՝ պրոսպեկտից արած լայվը սոցապ նախարարության հաճախորդների սպասարկման բաժնի աշխատակցի դերով, փողոցաշինությունը որպես քաղաքաշինության ֆասադ օգտագործելով ցույց է տալիս մեր դեմքը որպես քաղաքակրթություն։ Ու սա բացարձակ նման չէ քաղաքակրթության, սա նման է ինքնաբարբարոսության՝ ինքդ քեզ ուղղված բարբարոսության։
Սբ Աստվածածին եկեղեցու բլրի տակի աղբը չեմ նկարել, ոչ էլ գետերի, բայց եկեղեցին կտեղադրեմ։
ՀԳ՝ էս էլ հո թուրքերը չեն»։