Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վատիկանը և Իտալիան դատապարտել են Հռոմի պապի հասցեին Թրամփի հնչեցրած քննադատությունը
Վատիկանում Հռոմեական կուրիայի մշակույթի և կրթության հարցերով դիկաստերիայի փոխնախարար Անտոնիո Սպադարոն և Իտալիայի փոխվարչապետ, «Լիգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինին դատապարտել են Հռոմի պապ Լևոն XIV-ի հասցեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնչեցրած քննադատությունը։
Երկուշաբթի օրը Թրամփը քննադատել է Հռոմի պապ Լևոն XIV-ին Իրանի և Վենեսուելայի նկատմամբ նրա դիրքորոշման համար՝ ասելով, որ իրեն պետք չէ մի պապ, որը դեմ է իր քաղաքականությանը։
Սպադարոյի խոսքով՝ Թրամփի քննադատությունը Լևոն XIV-ի հասցեին ցույց է տալիս պապի վրա ազդելու փորձերում ամերիկացի նախագահի անզորությունը։
«Թրամփը չի վիճում Լևոնի հետ, նա աղաչում է նրան վերադառնալ իր կողմից վերահսկվող խոսքին։ Սակայն Հռոմի պապը խոսում է այլ լեզվով, որը չի կարող սահմանափակվել իշխանության, անվտանգության կամ ազգային շահերի հռետորաբանությամբ։ Այս իմաստով (Թրամփի) հարձակումները անզորության հռչակագիր են։ Չկարողանալով կլանել այս ձայնը, (ամերիկյան) իշխանությունները փորձում են այն զրկել լեգիտիմությունից։ Սակայն, դա անելով, նրանք անուղղակիորեն ընդունում են դրա կշիռը»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է Սպադարոն։
Իր հերթին, Սալվինին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությունը Հռոմի պապ Լեո XIV-ի հասցեին ո՛չ ողջամիտ է, ո՛չ էլ օգտակար։ Նա նաև նշեց, որ Հռոմի պապի վրա հարձակվելու փոխարեն Թրամփը պետք է աջակցի պապի խաղաղության խոսքերին։
«Հռոմի պապ Լեոնը հոգևոր ուսուցիչ է միլիարդավոր կաթոլիկների համար, բայց դրանից այն կողմ, եթե կա մարդ, որը նվիրված է խաղաղության գործին, դա Հռոմի պապ Լեոն է, և, հետևաբար, նրա վրա հարձակվելը ինձ համար ո՛չ ողջամիտ է, ո՛չ էլ օգտակար է», -ասաց նա Telelombardia տարածաշրջանային հեռուստաալիքի եթերում։