Էրդողանը սպառնում է Իսրայելին՝ հիշեցնելով Արցախի պատերազմը. Կտրուկ սրվել են Թուրքիայի ու Իսրայելի միջև հարաբերությունները
Քաղաքական
10:27 13/04/2026
Տարածաշրջան

Էրդողանը սպառնում է Իսրայելին՝ հիշեցնելով Արցախի պատերազմը. Կտրուկ սրվել են Թուրքիայի ու Իսրայելի միջև հարաբերությունները

Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի պատերազմի համատեքստում կտրուկ սրվել են Թուրքիայի ու Իսրայելի միջև հարաբերությունները, բանը հասել է երկու կողմերից հնչող սպառնալիքիներին ու պաշտոնյաների կողմից ԱԲ միջոցով սարքված ծաղրանկարների տարածմանը։

Կատաղության պահին Էրդողանը ևս մեկ անգամ ընդունել է, որ Արցախում պատերազմն իրականացրել ու հայերին սպանել է հենց Թուրքիան:

«Եթե ​​պատերազմ սկսվի, և Պակիստանը չկարողանա խաղաղություն հաստատել, մեր պարտականությունն է հարձակվել Իսրայելի վրա։  Ինչպես մենք մտանք Լիբիա և Ղարաբաղ, այնպես էլ կարող ենք մտնել Իսրայել»,-ըստ The Jerusalem Post-ի ու մի շարք այլ աղբյուրների,  հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ միաժամանակ Իսրայելին մեղադրելով Պաղեստինի և Լիբանանի դեմ վայրագություններ կատարելու, իսկ Բենիամին Նեթանյահուին՝ արյունով և ատելությամբ կուրացած լինելու մեջ։

«Արյունով ներկված ցեղասպանության ցանցը շարունակում է սպանել անմեղ երեխաների, կանանց և խաղաղ բնակիչների՝ առանց որևէ կանոնի կամ սկզբունքի, անտեսելով բոլոր տեսակի մարդկային արժեքները»,-հայտարարել է Էրդողանը Ստամբուլում կայացած Ասիայի քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։

Ի պատասխան x-ի իր միկրոբլոգում   կատարված գրառմամբ՝ Իսրայելի վարչապետը գրել է. «Իմ ղեկավարությամբ Իսրայելը կշարունակի պայքարել Իրանի ահաբեկչական ռեժիմի և նրա դաշնակիցների դեմ, ի տարբերություն Էրդողանի, որը հարմարվում է նրանց և կոտորում իր սեփական քուրդ քաղաքացիներին»։

Թեման շարունակել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կանցը, որը հայտնի է ագրեսիվ հռետորաբանությամբ. «Ի՜նչ ահավոր աբսուրդ։ «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության անդամը, որը քրդերի կոտորածների կազմակերպիչ է, մեղադրում է Իսրայելին ցեղասպանության մեջ՝ Համասի իր գործընկերներից պաշտպանվելու համար։ Իսրայելը կշարունակի պաշտպանվել ուժով և վճռականությամբ. Էրդողանը ավելի լավ կլինի լուռ նստել»։

Թուրքիայի ԱԳ նախարարությունը, ըստ թուրքական Sabah պարբերականի, արձագանքել է Իսրայելի վարչապետին ու պաշտպանության նախարարին՝ մասնավորապես նշելով. «Նեթանյահուն, որին իր հանցագործությունների պատճառով անվանում են այս դարաշրջանի Ադոլֆ Հիտլեր, հայտնի է իր գործունեությամբ, ասվում է նախարարության հայտարարության մեջ»։

Սոցցանցերում Թուրքիա-Իսրայել պատերազմին միացել են նաև Իսրայելի այլ պաշտոնյաներ։ Ի պատասխան  այդ երկրի պաշտոնյաների դեմ ուղղված թուրք դատախազների մեղադրանքներին, Իսրայելի ժառանգության նախարար Ամիչայ Էլիյահուն կիրակի օրը տարածել է արհեստական ​​բանականության կողմից ստեղծված լուսանկար, որտեղ պատկերված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Տաճարի լեռան վրա ծնկի իջած վարչապետ Բենիամին Նեթանյահուի առջև։ Նա նաև կոչ է անում անհապաղ փակել Իսրայելում Թուրքիայի դեսպանատունը և հյուպատոսությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Էրդողանը սպառնում է Իսրայելին՝ հիշեցնելով Արցախի պատերազմը. Կտրուկ սրվել են Թուրքիայի ու Իսրայելի միջև հարաբերությունները