Շատ կարևոր է, որ Սամվել Կարապետյանը հնարավորություն ունենա ամբողջությամբ մասնակցել ապրիլի 21-ի համագումարին. Պաշտպանները միջնորդություն են ներկայացրել Դոլմազյանին
Քաղաքական
14:05 14/04/2026
Հայաստան

Շատ կարևոր է, որ Սամվել Կարապետյանը հնարավորություն ունենա ամբողջությամբ մասնակցել ապրիլի 21-ի համագումարին. Պաշտպանները միջնորդություն են ներկայացրել Դոլմազյանին

Վաղը՝ ապրիլի 15-ին ժամը 10։30-ին Հակակոռուպցիոն դատարանում կմեկնարկի Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործով առաջին նիստը։

Դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց գործարար, ազգային բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը՝ գործը որակելով ակնհայտ ապօրինի, քաղաքական դրդապատճառներով։ Մինչ նիստի մեկնարկը պաշտպանները դատարանին ներկայացրել են միջնորդություն։

«Նախնական դատալսումներն իրենցից ենթադրում են մի շարք հարցերի քննարկում, բայց ամենակարևորը խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննարկումն է։ Գործընկերների հետ մուտք ենք արել միջնորդություն՝ ուղղված պատվարժան դատավոր Դոլմազյանին առ այն, որ առաջնահերթության կարգով քննության առարկա դառնա խափանման միջոցի հարցը։ Բացահայտեմ նաև պատճառաբանությունը, յուրաքանչյուր ժամ այլևս էական նշանակություն  ունի Հայաստանում գալիք  խորհրդարանական ընտրությունների տեսանկյունից»,-ասաց Վարդևանյանը։

Նա տեղեկացրեց, որ ապրիլի 21-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հրավիրել է համագումար, օրակարգում առանցքային հարցերը վերաբերում են ընտրություններին, շատ կարևոր է, որ Սամվել Կարապետյանը հնարավորություն ունենա ամբողջությամբ մասնակցել  համագումարին։

«Կուսակցության նախագահի մասնակցությունն առանցքային է, մենք տեսանք, թե օրինակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահն ինչ աստիճան ինտեգրված էր պրոցեսին։ Ընտրական գործընթացի մրցակցության, հավասարության երաշխիքների տեսանկյունից սա  ակնհայտ անհրաժեշտություն է։ Հույս ունենք, որ դա կապահովվի, ինչ-որ իմաստով ցավ ենք ապրում, որ այդ բեռն ընկել է այլևս դատական իշխանության ուսերին։ Այդպես չպետք է լինի, բայց սա Հայաստանի Հանրապետությունում առկա իրականությունն է, սա է քաղաքական հետապնդումների տրամաբանությունը։ Դրանից չենք զարմնաում, բայց մյուս կողմից ունենք հստակ ակնկալիք, հստակ պահանջ իրավունքի խախտման վերացման վերաբերյալ»,-ասաց Վարդևանյանը։

Փաստաբանն անդրադարձավ սույն վարույթով հսկող դատախազ, մեղադրական եզրակացությունը հաստատած դատախազ Արգամ Դալլաքյանի՝ Հանրային հեռուստաընկերության լուրերի թողարկման ընթացքում հնչած հայտարարություններին։

«Լրագրողն ինձ զանգահարել էր, մենք ունեցանք մոտ մեկ րոպեանոց  ջերմ խոսակցություն, հարցրեց՝ մեղադրանքն ընդունելի՞ է, թե՞ ոչ։ Արձագանքեցի, որ այն քաղաքական հետապնդում , ակնհայտ ապօրինի է։ Մի քանի հանգամանք էլ նշեցի, որոնք տեղ չեն գտել այդ թողարկման շրջանակներում»,-մանրամասնեց Վարդևանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Շատ կարևոր է, որ Սամվել Կարապետյանը հնարավորություն ունենա ամբողջությամբ մասնակցել ապրիլի 21-ի համագումարին. Պաշտպանները միջնորդություն են ներկայացրել Դոլմազյանին