Ի՞նչն է օգնում ապրել երկար և առողջ. Ներկայացնում է բժիշկը
Աշխարհում
17:19 15/04/2026
Աշխարհ

Ի՞նչն է օգնում ապրել երկար և առողջ. Ներկայացնում է բժիշկը

Առողջ ապրելակերպը՝ հավասարակշռված սննդակարգը, կանոնավոր վարժությունները, նվազագույն սթրեսը, լավ քունը և կանոնավոր պատվաստումները, կօգնեն ձեզ ապրել երկար և ակտիվ կյանքով,

«Ռիա Նովոստի» գործակալության հետ զրույցում առողջ ապրելու բանաձևը ներկայացրել է բժիշկ Ալինա Ազիզովան։

«Երկար և ակտիվ կյանքի համար կարևոր է պահպանել առողջ ապրելակերպ։ Առաջին հերթին, կարևոր է ուտել բազմազան և հավասարակշռված սնունդ, որպեսզի ձեր մարմինը ստանա բոլոր անհրաժեշտ սննդանյութերը։ Դրա համար կարող եք հետևել Հարվարդի ափսեի մեթոդին», - բացատրել է Ազիզովան։

Նա կարևորել է նաև կանոնավոր ֆիզիկական ակտիվությամբ զբաղվելը՝ ընդգծելով որ այն կարևոր դեր է խաղում ֆիզիկական և հոգեկան առողջության պահպանման և տարբեր հիվանդությունների կանխարգելման գործում:

«Դուք պետք է շաբաթական 3-4 անգամ առնվազն 50-60 րոպե հատկացնեք մարզումներին: Դա կարող է ներառել, օրինակ, լող, պիլատես կամ հեծանվավազք: Մեծահասակների համար օգտակար են նաև ուժային մարզումները, նստացատկերը կամ հրումները», - մանրամասնել է մասնագետը։

Երկար ապրելու համար կարևոր է քնի ռեժիմի պահպանումը. օրական պետք է քնել առնվազն 7-8 ժամ: Թերապևտը բացատրել է, որ գիշերվա ընթացում քնի պակասը նվազեցնում է բնական մարդասպան բջիջների ակտիվությունը, որոնք պաշտպանում են մարմինը վիրուսներից և չարորակ ուռուցքների զարգացումից:

«Կարևոր է նաև սովորել սթրեսի կառավարման տեխնիկան, քանի որ երկարատև ազդեցությունը հանգեցնում է կորտիզոլի մեծ քանակությամբ անընդհատ արտադրության, ինչը թուլացնում է օրգանիզմի պաշտպանությունը»,-ասել է Ազիզովան ու նշել, որ քրոնիկ սթրեսը կարող է սրել առկա հիվանդությունները:

«Էմոցիոնալ սթրեսը նվազեցնելու համար օգտակար է օրական 10-15 րոպե հատկացնել թուլացման վարժություններին, ինչպիսիք են մեդիտացիան կամ շնչառական վարժությունները: Օրինակ, կարող եք օգտագործել 4-7-8 շնչառական տեխնիկան, որը օգնում է նվազեցնել անհանգստությունը և կարգավորել սրտի բաբախյունն ու արյան ճնշումը սթրեսային իրավիճակներում: Եթե երկու շաբաթվա ընթացքում չեք կարողանում ինքնուրույն կառավարել սթրեսը, խորհուրդ է տրվում դիմել հոգեբանի կամ հոգեթերապևտի օգնությանը», -ասել է բժիշկը։

Առողջությունը պահպանելու համար  նա կարևորել է ծխելուց ու ալկոհոլից հրաժարվելը; Ծխելը մեծացնում է սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի և դեմենցիայի զարգացման ռիսկը, ինչպես նաև վնասում է տեսողությունն ու լսողությունը և այլն: Ալկոհոլը բացասաբար է անդրադառնում մարմնի գրեթե բոլոր օրգանների և համակարգերի վրա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ի՞նչն է օգնում ապրել երկար և առողջ. Ներկայացնում է բժիշկը