Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ռուսաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել AZAL ինքնաթիռի կործանման հետևանքների կարգավորման շուրջ
Ռուսաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել AZAL ինքնաթիռի կործանման հետևանքների կարգավորման վերաբերյալ։ Ըստ երկու երկրների ԱԳ նախարարությունների համատեղ հայտարարության, ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել հակաօդային պաշտպանության ոչ միտումնավոր հարվածի հետևանքով։
«Համաձայն Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների կողմից Դուշանբեում 2025 թվականի հոկտեմբերի 9-ին կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների, կողմերը համապատասխան համաձայնության են եկել հետևանքների, այդ թվում՝ փոխհատուցման հարցի վերաբերյալ, որոնք կապված են AZAL-ին պատկանող Embraer 190 ինքնաթիռի վթարի հետ»,-նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ օդանավի կործանումը տեղի է ունեցել 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ակտաու քաղաքի մոտ։
«Ձեռնարկված քայլերը հաստատում են մեր փոխադարձ հանձնառությունը՝ մեր դաշնակցային գործընկերության շրջանակներում փոխշահավետ համագործակցության հետագա կառուցմանը։
Վստահություն ենք հայտնում, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների առաջընթաց զարգացումը՝ հիմնված փոխադարձ հարգանքի, վստահության և երկու կողմերի շահերի հաշվառման վրա, կշարունակի ամրապնդել բարիդրացիական հարաբերությունները և ընդլայնել համագործակցությունը՝ երկու երկրների ժողովուրդների շահերից ելնելով։
Մենք կրկին մեր խորին ցավակցությունն ենք հայտնում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին և մերձավորներին և կիսում ենք այս անդառնալի կորստի ցավը ողբերգությունից տուժած բոլոր մարդկանց հետ»,-ասված է համատեղ հայտարարության մեջ։