Տիգրան Պասկևիչյանի «Անկախության մեր ճանապարհը» վավերագրական ֆիլմն արդեն հասանելի է Հանրայինի յութուբյան էջում
Հասարակություն
13:38 15/04/2026
Հայաստան

Տիգրան Պասկևիչյանի «Անկախության մեր ճանապարհը» վավերագրական ֆիլմն արդեն հասանելի է Հանրայինի յութուբյան էջում

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը տեղեկացնում է, որ ինոռեժիսոր, սցենարիստ, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանի  «Անկախության մեր ճանապարհը»  վավերագրական ֆիլմն արդեն հասանելի է Հանրայինի յութուբյան պաշտոնական էջում։

««Արգելված ֆիլմը» արդեն հասանելի է Հանրայինի յութուբյան պաշտոնական էջում։

Ինչու ենք հիմա տեղադրում

Դատարանը վերջերս որոշում հրապարակեց, որով արձանագրվեց, որ հեղինակը խախտել է Հանրային հեռուստաընկերության հեղինակային իրավունքները։ Ավելի վաղ հեղինակը խախտել էր նաև ֆիլմի հանձնման ժամկետները։

Արդյունքում, հիմա, երբ վերականգնվել են Հանրային հեռուստաընկերության իրավունքները, Հանրային հեռարձակողի խորհրդի համաձայնությամբ ֆիլմը դարձնում ենք հրապարակային հասանելի, որպեսզի բոլորը կարողանան գնահատել այն։

Այսքանով այս պատմությունը համարում եմ սպառված»,- գրել է Հովհաննես Մովսիսյանը։ 

Հիշեցնենք՝ ավելի վաղ գրել էինք, որ Հանրային հեռուստաընկերության պատվերով կինոռեժիսոր, սցենարիստ, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը 2020 թվականին պատրաստել է «Անկախության մեր ճանապարհը»  վավերագրական ֆիլմը՝ ներկայացնելով 1988-1991 թվականներին ծավալված քաղաքական աննախադեպ պայքարը։ Սակայն այս տարիների ընթացքում պետական բյուջեի միջոցներով նկարահանված ֆիլմն այդպես էլ չի հայտնվել էկրանին։ Ավելին՝ Հանրային հեռուստաընկերությունը դատարանով բացառել է ֆիլմի ցուցադրության որևէ ձևաչափ, այդ թվում՝ դահլիճային դիտումները։

Panorama.am-ի հետ զրույցում Տիգրան Պասկևիչյանն ասել էր. «Քանի որ չունեմ որևէ ողջամիտ պատասխան, թե ինչու ֆիմը չի ցուցադրվում, հակված եմ ենթադրելու՝ չի ցուցադրվում քաղաքական պատճառներով։ 

Ներկա իշխանությունը փորձում է ռևիզիայի ենթարկել Հայաստանի նորագույն պատմությունը սկսած 1988 թվականից։ Լսած կլինեք Նիկոլ Փաշնյանի բոցաշունչ ելույթներն այն մասին, որ Ղարաբաղյան շարժումը սխալ էր, ական էր։

Ստեղծել եմ ֆիլմ՝ հիմնված իրական փաստերի վրա։ Մի հատ թող տեսնեն իրական փաստերն ու համեմատեն Նիկոլ Փաշինյանի բացականչությունների հետ»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տիգրան Պասկևիչյանի «Անկախության մեր ճանապարհը» վավերագրական ֆիլմն արդեն հասանելի է Հանրայինի յութուբյան էջում