Այս կառավարության օրոք Հայաստանը ավելի շատ կախվածություն ունի ՌԴ-ից, քան երբևէ. Թավադյանը՝ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու ԱԺ նախագահի հայտարարության մասին
Մեկնաբանություններ
17:32 15/04/2026
Հայաստան

Այս կառավարության օրոք Հայաստանը ավելի շատ կախվածություն ունի ՌԴ-ից, քան երբևէ. Թավադյանը՝ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու ԱԺ նախագահի հայտարարության մասին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի, ապա Հայաստանը դուս կգա ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից  և մյուս կառույցներից։ Panorama.am-ը դիմեց տնտեսագետ, Tvyal.com հարթակի հիմնադիր Աղասի Թավադյանին՝ պարզելու համար, թե այդ կառույցները լքելը ՀՀ-ի՞ն տնտեսական վնաս կտա, թե՞ ՌԴ-ին, Հայաստա՞նը կկորցնի, թե՞ Ռուսաստանը։

«Պետք է հստակ հասկանալ, որ Ալեն Սիմոնյանի ներկայացրած կառավարության օրոք Հայաստանը ավելի շատ է սերտաճել Ռուսաստանի տնտեսությանը, քան 2018 թվականին էր։ Այս պահին Հայաստանի հրաժարումը ԵԱՏՄ-ից և նրա կառույցներից մեր համար ավելի ցավոտ կլինի, քան 2018 թվականին։

Այս 7 տարիների ընթացքում դեպի ԵԱՏՄ Հայաստանի արտահանումը աճել է 5 և ավելի անգամ, իսկ դեպի եվրամիություն 5%-ով կրճատվել է։ Մեր պարարտանյութերի, գազի, բենզինի և այլ վառելիքների, հացահատիկի, ալյուրի զգալի քանակությունն ստանում ենք ՌԴ-ից։

Այս պայմաններում, երբ աշխարհում Էներգակիրների ճգնաժամ է, տեղին չէ այս ամեն ինչի մասին խոսելը։

Շատ պետություններում 1.5-2 անգամ բենզինի գինը բարձրացել է, իսկ Հայաստանը չի զգացել վառելանյութի, պարարտանյութի, ինչպես նաև հացի գների բարձրացում, քանի որ դրանք հիմնականում այս պահին գալիս են ՌԴ-ից։

Այս հայտարարությունները չունեն տնտեսական հիմք, որովհետև Հայաստանի տնտեսությունն այս կառավարության օրոք արտահանումը 5 անգամ ավելացել է դեպի ՌԴ, և այս կառավարության օրոք Հայաստանը ավելի շատ կախվածություն ունի ՌԴ-ից, քան երբևէ, հետևաբար՝ նման հայտարարությունը ունի ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական հիմք, ուղղված են ոչ թե արտաքին լսարանին, այլ՝ ներքինին և ունի նախընտրական ենթատեքստ»,-մեկնաբանեց Թավադյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այս կառավարության օրոք Հայաստանը ավելի շատ կախվածություն ունի ՌԴ-ից, քան երբևէ. Թավադյանը՝ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու ԱԺ նախագահի հայտարարության մասին