ԱԺ-ն օրենքով արգելեց օտարերկրյա տեսալսողական ծրագրերում՝ ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակությունը Հայաստանում տարածելը
Քաղաքական
15:41 16/04/2026
Հայաստան

ԱԺ-ն օրենքով արգելեց օտարերկրյա տեսալսողական ծրագրերում՝ ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակությունը Հայաստանում տարածելը

ԱԺ-ն ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որը հեղինակել էր կառավարությունը։

Նոր փոփոխությամբ օրենքի 9-րդ հոդվածը շարադրվում հետևյալ խմբագրությամբ՝

«1. Արգելվում է տեսալսողական հաղորդումներում՝

1) սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու նպատակ հետապնդող տեղեկատվություն տարածելը.

2) բռնություն և դաժանություն քարոզ պարունակող տեղեկատվություն տարածելը.

3)ազգային, ռասայական, սեռային, կրոնական ատելություն բորբոքելու, տարիքային, հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն սերմանելը կամ նման նպատակ հետապնդող տեղեկատվություն տարածելը.

4) պոռնկագրություն տարածելը.

5) քրեորեն պատժելի կամ օրենսդրությամբ արգելված այլ արարքների կոչեր տարածելը:

6) քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի և տեսալսողական հաղորդումների հեռարձակումը, բացառությամբ սույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Ուղիղ եթերի ժամանակ սույն հոդվածի 1-ին մասով, բացառությամբ 4-րդ կետի, սահմանված արգելքները խախտելու դեպքում Հեռարձակողը պատասխանատվության չի ենթարկվում, եթե իրավախախտման մասին ուղիղ եթերում զգուշացվել կամ հայտարարվել է, իսկ կրկնակի կոչի դեպքում ուղիղ եթերը դադարեցվել է:

3.Կարգավորող պետական մարմինը օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում քրեական օրենսգրքով արգելված արարքի հատկանիշներ հայտնաբերելու դեպքում դիմում է իրավասու մարմիններ:

4)Էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումները և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները կարող են եթեր հեռարձակվել ժամը 24:00-6:00-ն:

5)Արգելվում է օտարերկրյա տեսալսողական ծրագրերում՝ Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածելը:

6) Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ կետերով և 4-րդ մասով նախատեսված տեսալսողական հաղորդումների նկատմամբ տարածվող չարաշահման արգելքների չափորոշիչները սահմանում է կարգավորող պետական մարմինը:

7) Պետության հայտարարած սգո և հիշատակի օրերին արգելվում է Հեռարձակողների կողմից զվարճալի հաղորդումների և գովազդի հեռարձակումը:

8) Հեռարձակողները կամ օպերատորները սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված տեսալսողական հաղորդումներն առանց ժամային սահմանափակումների կարող են տարածել սպառողների կողմից այդ հաղորդումների հասանելիության արհեստական արգելքի (կոդի) ներդրման տեխնիկական հնարավորության առկայության դեպքում:

9) Արգելվում է Հեռարձակողի, ոչ գծային տեղեկատվության դեպքում օպերատորի կողմից տեսալսողական ծրագիրը կամ տեսալսողական հաղորդումն առանց դրանց գույքային իրավունքները տիրապետող անձի համաձայնության տարածելը:»:

Հոդված 3. Օրենքի 49-րդ հոդվածում՝

1. 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Ցանցային օպերատորի լիցենզիա ստացած անձի կողմից տեսալսողական ծրագիրը կարող է վերահաղորդվել տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորի կամ Հեռարձակողի կամ օտարերկրյա տեսալսողական ծրագրի գույքային իրավունքները տիրապետող անձի հետ ձեռք բերված գրավոր համաձայնության հիման վրա:»:

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 1.1-ին, 6-րդ և 7-րդ մասերով,

«1.1 Ցանցային օպերատորի լիցենզիա ստացած անձի կողմից օտարերկրյա տեսալսողական ծրագրի գույքային իրավունքները տիրապետող անձի հետ ձեռք բերված գրավոր համաձայնության հիման վրա տեսալսողական ծրագիրը կարող է վերահաղորդվել միայն կարգավորող պետական մարմին թղթային կամ էլեկտրոնային ծանուցում ներկայացնելուց հետո:

Կարգավորող պետական մարմին ծանուցում ներկայացնելու և դադարեցնելու գործընթացի կարգավորումն իրականացվում է սույն Օրենքի 54-րդ հոդվածի դրույթների պահանջներին համապատասխան»:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱԺ-ն օրենքով արգելեց օտարերկրյա տեսալսողական ծրագրերում՝ ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակությունը Հայաստանում տարածելը