Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակում ապրիլի 17-ին Ստամբուլում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների երկկողմ հանդիպումը: ՀՀ ԱԺ հաղորդմամբ, հանդիպման ընթացքում գոհունակությամբ արձանագրվել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում վերջին գործընթացները՝ ներառյալ խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված քայլերը, ինչպես նաև առևտրային կապերի հաստատումն ու ընդլայնումը:
Ընդգծվել է Միջխորհրդարանական միության դերը՝ որպես միջխորհրդարանական համագործակցության կարեւոր հարթակ: Այս համատեքստում կողմերը բարձր են գնահատել ու երախտագիտություն հայտնել Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին՝ Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների միջև երկխոսության ձեւավորման ուղղությամբ նրա անձնական ջանքերի համար:
Խորհրդարանների նախագահները դրական են գնահատել միջազգային կազմակերպությունների շրջանակներում խորհրդարանական պատվիրակությունների միջև շփումները, որոնք սկսվել են 2025 թվականի հոկտեմբերին Ժնևում կայացած նրանց հանդիպումից հետո, եւ պայմանավորվել են շարունակել այդ շփումները:
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահներն ընդգծել են կառուցողական խորհրդարանական երկխոսության շարունակման կարևորությունը՝ երկու հասարակությունների միջև վստահության հետագա ամրապնդման համար: