Դատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը, պաշտպանն առաջարկել է ավելացնել գրավի չափը ևս 400 միլիոն դրամով
Իրավունք
15:20 17/04/2026
Հայաստան

Դատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը, պաշտպանն առաջարկել է ավելացնել գրավի չափը ևս 400 միլիոն դրամով

Հակակոռուպցիոն դատարանում,  դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, բարերար Սամվել Կարապետյանի գործով դատական նիստում քննվում է Կարապետյանի խափանման միջոցի հարցը։

Դեռևս նախորդ՝ ապրիլի 15-ի  նիստը, պաշտպանները դատարանին ներկայացրել էին Կարապետյանին տնային կալանքից ազատելու միջնորդություն, քանի որ Կարապետյանը զրկված է իր գլխավորած ուժի՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրացուցակի կազմման աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից, իսկ առաջիկայում կուսակցության համագումարն է։

Դատարանը որոշել էր այս հարցը քննարկել առաջնահերթության կարգով։

«Ազատության» հաղորդմամբ, Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը նիստի ընթացքում հայտարարել է՝ «ինչո՞ւ բացառապես պատշաճ վարքագիծ դրսևորող Սամվել Կարապետյանը պետք է մնա անազատության մեջ»։ Վարդևանյանը խոսել է նրա՝ եկեղեցին պաշտպանելու մասին, ասաց. «Ի՞նչ պիտի աներ՝ խրախուսե՞ր եկեղեցու դեմ գործողությունները։ Այդպես էլ մենք չհասկացանք այդ 40 վայրկյանանոց հարցազրույցի մեջ «մեր ձևով» արտահայտության վտանգավորությունը»:

Փաստաբանը նշել է, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված է 4 միլիարդ դրամ գրավ, ինչը Հայաստանի պատմության մեջ ամենամեծ գրավն է, անցած 10 ամսում երբեք որևէ խախտում թույլ չի տվել:

Ըստ Վարդևանյանի, այս մեղադրանքի հետ կապված նույնիսկ այս գործը քննող դատավոր Վահե Դոլմազյանը նախաքննության փուլում գտել է, որ չկա հիմնավոր կասկած: Նույն այս դատավորն է ամիսներ առաջ Կարապետյանին ենթարկել տնային կալանքի։

Արամ Վարդևանյանը դատարանին առաջարկել է ավելացնել գրավի չափը ևս 400 միլիոն դրամով:

Սամվել Կարապետյանն իր ելույթում ասել է որ արձանագրում է՝ «իրավական համակարգի ապօրինություններն ուղղված են իմ, մեր թիմի դեմ, որ կանգնեցնեն մեր ժողովրդի ուժեղ Հայաստան ունենալու երազանքը: Փոփոխությունները լինելու են, շատ շուտով ուժեղ Հայաստան ենք ունենալու»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը, պաշտպանն առաջարկել է ավելացնել գրավի չափը ևս 400 միլիոն դրամով