Փաշինյանի նախընտրական հռետորաբանությունը նոր հարցեր է առաջացնում քարոզարշավի ընթացքի վերաբերյալ
Քաղաքական
14:04 20/04/2026
Հայաստան

Փաշինյանի նախընտրական հռետորաբանությունը նոր հարցեր է առաջացնում քարոզարշավի ընթացքի վերաբերյալ

Հունիսի 7-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Նիկոլ Փաշինյանի՝ 24 ժամվա ընթացքում արված երկու հայտարարությունները մեծացրել են կառավարության քաղաքական կուրսի վերաբերյալ անհանգստությունները։

Նոր սպառնալիքներ ընդդիմության և նրա կողմնակիցների հասցեին

Ապրիլի 17-ին  Նիկոլ Փաշինյանը խիստ քննադատության ենթարկեց  Հայաստանի հիմնական ընդդիմադիր կուսակցությունների կողմանկիցներին։ Խորհրդարանում ելույթի ժամանակ նա մասնավորապես հայտարարեց.

«Ես չեմ կարող հավատալ, հազար ներողություն, եթե հիմա ասեմ՝ գիտեք ինչ, կարող է «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» դաշինքը, ուժեղ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն անցնեն խորհրդարան, նշանակում է՝ ես իմ մտքով անցկացնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում այդքան շուն ու շանգյալ կա, որ կարող է իրենց օգտին քվեարկել»։ Այս հայտարարություններն ուղղված էին այն ընտրողների դեմ, որոնք ընտրությունների ժամանակ պատրաստվում են աջակցել նաև Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժերին։

Իսկ արդեն ապրիլի 18-ի ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը տպավորիչ դոսյե ունի բազմաթիվ անձանց վերաբերյալ։

«Մենք ունենք անձանց բավականին հաստափոր տրցակ, ովքեր մեր մարմինների գնահատմամբ և ձեռք բերված տվյալներով, գործում են այլ երկրների օրակարգով։ Եթե  այդ մարդիկ դեռ ազատության մեջ են, նշանակում է՝ դեռևս լրտեսության գիծը չեն հատել, բայց գործում են այդ տրամաբանության մեջ։ Կան, որ շատ մոտ են գծին, եզրով քայլում են, երբ հատեն, կլինի հակազդեցություն։ Ես այդ մարդկանց ցուցակն ունեմ՝ անուն ազգանուններով, կոնտակտներով»,-ասաց նա։

Այս երկու հայտարարությունները վկայում են քաղաքական հակառակորդների և կառավարության քննադատների նկատմամբ նախընտրական դիրքորոշման կոշտացման մասին: Եվ սա ասում է այն կառավարությունը, որը հրապարակայնորեն ներկայանում է որպես եվրոպամետ և նույնիսկ 2025 թվականին օրենք է ընդունել ԵՄ անդամակցության գործընթացը մեկնարկելու մասին, մինչդեռ նման հռետորաբանությունը հակասում է բազմակարծության, օրենքի գերակայության և քաղաքական հանդուրժողականության սկզբունքներին, որոնք ակնկալում են եվրոպացի գործընկերները։

Իրավիճակն էլ ավելի է բարդանում գործարար, բարերար և «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ամենաակնառու ընդդիմադիր գործիչներից մեկի նկատմամբ ընթացող դատավարությամբ։ Հակակոռուպցիոն դատարանի կողմից Սամվել Կարապետյանի տնային կալանքի երեք ամսով երկարաձգումը միայն ամրապնդել է ընդդիմության այն մեղադրանքները, որ դատական ​​համակարգը օգտագործվում է քաղաքական նպատակներով։

Եվրոպական օպտիկա, ռուսական ազդանշաններ

Հավանաբար, այս հանգամանքներն ուշադրության կարժանան մայիսի 4-ին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի նախօրեին, որի ժամանակ Հայաստանը հույս ունի ցուցադրել իր ձեռքբերումները բարեփոխումների առումով ու Եվրոպայի հետ ամրապնդվող կապերը։

Միաժամանակ փորձագետները նշում են, որ ապրիլի 1-ին Փաշինյանի՝ Վլադմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Հայաստանի վարչապետը և նրա կուսակիցները զգալիորեն ավելացրել են Մոսկվայի նկատմամբ առավել բարենպաստ հայտարարությունների թիվը։ Սա տեղի է ունեցել Կրեմլում լարված հրապարակային վեճից հետո։

Առայժմ հստակ չէ, արդոք սա նշանակո՞ւմ է Կրեմլի ուղղությամբ իրական շրջադարձ։ Հնարավոր է, որ խոսքն ավելի շատ ընտրական պրագմատիզմի մասին է՝ զգայուն ընտրական շրջանում ներքին մրցակիցների վրա ճնշման ուժեղացում՝ Ռուսաստանի հետ լարվածության նվազեցմամբ։

Այնուամենայնիվ, առավել կոշտ ներքին հռետորաբանության ու  Մոսկվայի վերաբերյալ  ավելի մեղմ արտաքին քաղաքական ազդանշանների համընկնումն անխուսափելի կերպով հարցեր կառաջացնի Բրյուսելում:

Թե որքանով են եվրոպական մայրաքաղաքներում Հայաստանի կառավարության կողմնակիցները պատրաստ հանդուրժել ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների մեծացումը, դեռ պարզ չէ: Սակայն Երևանում նրանց դեսպանատների համար ավելի ու ավելի դժվար կլինի աչք փակել այդ զարգացումների վրա:

Ի. Իգիթյան

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանի նախընտրական հռետորաբանությունը նոր հարցեր է առաջացնում քարոզարշավի ընթացքի վերաբերյալ