Իշխանությունը փակում է ՔԿՀ-ների դռները հոգևորականների առաջ. Կալանավորները Աստծուն չապավինե՞ն
Քաղաքական
14:47 18/04/2026
Հայաստան

Իշխանությունը փակում է ՔԿՀ-ների դռները հոգևորականների առաջ. Կալանավորները Աստծուն չապավինե՞ն

«Խախտվում են բազմաթիվ մարդկանց իրավունքներ, որոնք հենց ապավինելով այդ հոգևոր կյանքին՝ զղջում են իրենց մեղքերը, հավատ ունեն։ Դուք գիտեք, որ հենց ներսում խաչեր են պատրաստում, ես ինքս բազմաթիվ սաղմոսներ եմ ստացել դատապարտյալներից։ Այդ հավատը նրանց իրավունքն է, հասկանո՞ւմ եք, ո՞նց կարելի է դա արգելել»,- Panorama.am-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետի որոշմանը, որով արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր։

Ավելի վաղ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտարարություն էր տարածել, որում ասվում է. «ՔԿՀ պետը փաստացի դադարեցրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայությունը, միևնույն ժամանակ, շրջանցելով Մայր Աթոռը և անտեսելով իրավական կարգավորումները, անհատ եկեղեցականների հետ կնքել է աշխատանքային պայմանագրեր: Այս քայլը իշխանությունների հերթական թիրախավորված ու հակաեկեղեցական արշավն է՝ սահմանափակելու օրենսդրությամբ երաշխավորված Հայոց Եկեղեցու հոգեխնամ առաքելությունը հանրային կյանքում, ինչը դրսևորվել է նաև ՀՀ Զինված ուժերում և կրթական ոլորտում»։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ընդգծեց՝ ինքն անձամբ տարիներ շարունակ զբաղվելով այդ համակարգի խնդիրներով, վստահ է, որ առաջին հերթին կալանավորներին է վնասելու այս որոշումը։

«Տարիներ շարունակ զբաղվելով այդ համակարգի խնդիրներով՝ ես համոզված եմ, վստահ եմ, որ նրանց համար դժվար կլինի առանց այդ հոգևոր կապի։ Ի՞նչ իրավունքով է նա արգելում, ես դա չեմ պատկերացնում։ Սա դատապարտյալների, կալանավորների՝ բանտերում գտնվող մարդկանց իրավունքների կոպիտ խախտում է։ Չի կարելի սեփական քմահաճույքով վերցնել ու արգելել հոգևորականների մուտքը փակ համակարգ։ Նույնը բանակի դեպքում էր, բայց քրեակատարողական հիմնարկներում շատ ավելի ընդգծված են մարդկանց հոգևոր կարիքները։ Այս ամենը պետք է փոխվի, չի կարող այսպես շարունակվել»,- ասաց Ալեքսանյանը։

«Նժար» շարժման հիմնադիր, իրավապաշտպան Նինա Կարապետյանցն էլ Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ իր համոզմամբ՝ այս քայլը ևս մեկ ապացույց է, որ իշխանությունների թիրախում ոչ թե կոնկրետ անձեր են, այլ հենց Հայ Առաքելական Եկեղեցին։

«Փաշինյանի գործունեությունն ուղղված է եկեղեցու դեմ, ինչը դրսևորվում է տարբեր ոլորտներում՝ սկսած եկեղեցական տարածքների սեփականության հարցերը կասկածի տակ դնելուց մինչև բանակում և քրեակատարողական հիմնարկներում հոգևորականների աշխատանքի խոչընդոտումը»,- շեշտեց փաստաբանն ու հավելեց, որ իշխանությունը ընդամենը վերահաստատում է այն կարծիքը, որ այս գործողությունները հստակ օրինաչափություն ունեն և ապացուցում են եկեղեցական կառույցի դեմ տարվող համակարգված քաղաքականությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder