Ապօրինի ծառահատումների հետևում կանգնածների «կծիկը» պետք է քանդել․ Նազելի Վարդանյան
Տնտեսություն
13:29 18/04/2026
Հայաստան

Ապօրինի ծառահատումների հետևում կանգնածների «կծիկը» պետք է քանդել․ Նազելի Վարդանյան

«Անտառում էկոպարեկային ծառայությունը դեռևս լիարժեք վերահսկողություն չունի։Պարեկային ծառայության գաղափարը լավ է, բայց տրված  լիազորությունները՝ սուղ»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանը՝ անդրադառնալով էկոպարեկային ծառայության մասին օրենքում կատարվող փոփոխություններին ու ներկայիս ծառայողների հնարավորություններին։

Վարդանյանի համոզմամբ՝ էկոպարեկները պետք է  լայն լիազորություններով օժտված լինեն։

«Ակտ կազմելու, տուգանելու հնարավորություններ պետք է տրվեն։ Մասնավորապես, ոստիկանության ֆունկցիաները պետք է փոխանցել էկոպարեկին, որովհետև այս շղթայով  մինչև մյուս օղակներին հասելն էկոպարեկի արած գործը փոշիանում է։ Այսպես ասած՝ «վատամարդը» դուրս է գալիս էկոպարեկը»,- ասաց նա։

Վարդանյանը նաև ընդգծեց էկոպարկների անվտանգության խնդիրը։

«Այսօր նրանց գործը անտառապահի գործից շատ չի տարբերվում։ Որոշ չափով աշխատավարձերն են բարձրացրացել, սակայն հիմնական խնդիրները լուծված չեն։  Էկոպարեկային ծառայության ներդրումից հետո չնչին է տեղաշարժը։ Ասել, որ արմատական փոփոխություն է արվել՝ ոչ։  Էկոպարեկներին մեծ լիազորություններ տրված չեն, նորմատիվները շատ չեն փոխվել, այսինքն՝ կրկին նույն մեծ տարածքների համար 1-2 էկոպարեկ է նախատեսված, որի դեպքում լիարժեք վերահսկողությունը հնարավոր չէ, այն ծավալով տեխնիկական միջոցներ տրամադրված չեն, որ կարողանան լիարժեք աշխատել։ Այսինքն՝ պետք էր համալիր  փոփոխություններ անել, միայն օրենք ընդունելով կամ փոփոխելով քիչ է»,- ասաց Վարդանյանը՝ շարունակելով․  

«Տեխնիկական, նյութական,  կրթական բաղադրիչները բացակայում են։ Օրենքը կիրառելու համար պետք է բազա ստեղծել, որ այն գործի։ Կիսատ-պռատ օրենք ընդունելով հարցերը լրիվ չեն  լուծվելու։  Եթե էկոպարեկը մեքենա չունի, ռադիոապարատ՝ կապ պահպանելու համար,  չունի, լիազորություններ չունի, փայտանյութն առգրավելու կամ տեղում տուգանելու, պատժամիջոցներ կիրառելու լիազորություններ չունի, այս ամենն օրենքը ոչ կիրառելի է դարձնում։ Մենք լավ օրենքներ ունենք, որոնք չեն կիրառվում, քանի որ ունենք օրենքների կիրառման խնդիր»,- հավելեց Վարդանյանը։

Նա ընդգծեց, որ դեռևս շարունակվում են ապօրինի հատումները։

«Թեև ավելի խստացվել է վերահսկողությունը, բայց պետք է նշեմ, որ  ապօրինի հատումները չեն  դադարել, շարունակվում են։ Օրենքների խստացմանը զուգահեռ պետք է պահանջարկը նվազեցնել՝ սոցիալական խնդիրները լուծելով։ Նույն Սյունիքում, եթե մարդն ի վիճակի չէ գազի ու լույսի համար վճարել, ուրեմն  փայտանյութի պահանջարկը կա։ Բացի դրանից, ծառահատումների համար եթե նախկինում անտառապահին էին դատում, հիմա ՝ էկոպարեկին, իսկ դրանց հետևում կանգնածները, որոնք խոշոր բիզնեսով են զբաղվում, մնում են ստվերում և որևէ պատասխանատվություն չեն կրում։ Սա մեծ բիզնես է, որի հետևում բարձր պաշտոնյաներ են, զինվորական մարմինների ղեկավարներ և այլք, այս կծիկը պետք է քանդել։ Այս տարիների ընթացքում դեռևս չեմ հիշում դեպք, որ որևէ պաշտոնյա ապօրինի ծառահատման հետ կապված պատասխանատվության ենթարկվի։ Ամենահեշտը էկոպարեկին դատելն է։ Այս պատճառով շատ տեղերում մարդիկ չեն ուզում աշխատել, քանի որ շատ մեծ է պատասխանատվությունը, մինչև ազատազրկում նախատեսված է» ,- ասաց Panorama.am-ի զրուցակիցը։

Խնդրի լուծումը համակարգային է և պետք է աշխատել տարբեր շերտերի հետ։

 

        

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ապօրինի ծառահատումների հետևում կանգնածների «կծիկը» պետք է քանդել․ Նազելի Վարդանյան