Սկադալը շարունակվում է. ՀՖՖ-ից արձագանքել են «Ուրարտու» ՖԱ գլխավոր տնօրեն Դավիթ Շախբագյանի մեղադրանքներին
Սպորտ
11:47 20/04/2026
Հայաստան

Սկադալը շարունակվում է. ՀՖՖ-ից արձագանքել են «Ուրարտու» ՖԱ գլխավոր տնօրեն Դավիթ Շախբագյանի մեղադրանքներին

ՀՖՖ գլխավոր քարտուղար Էդգար Պետրոսյանն արձագանքել է «Ուրարտու» ՖԱ գլխավոր տնօրեն Դավիթ Շախբագյանի հայտարարությանը․

«Ի պատասխան  «Ուրարտու» ՖԱ գլխավոր տնօրեն Դավիթ Շախբագյանի՝ Fastex Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի՝ «Ուրարտու» - «Ալաշկերտ» հանդիպման վերաբերյալ հայտարարությանը՝ նշում եմ, որ ՀՖՖ-ն կարևորում է ակումբների բարձրաձայնած հարցերը, բայցև ընդգծում՝ նման թեմաները պետք է քննարկվեն մասնագիտական և կառուցողական դաշտում։

Մրցավարության որակի բարելավումը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է։ Բոլոր հանդիպումները ենթարկվում են մանրամասն վերլուծության, և անհրաժեշտության դեպքում ձեռնարկվում են համապատասխան քայլեր։

ՀՖՖ-ն առաջնորդվում է բացառապես հավասարության, անկողմնակալության և արդար մրցակցության սկզբունքներով։ Ես հրավիրում եմ «Ուրարտուի» ներկայացուցիչներին ՀՖՖ՝ մեր մասնագետների հետ միասին քննարկելու վերոնշյալ հանդիպման յուրաքանչյուր վիճահարույց դրվագ, որը կասկածի առիթ կարող է լինել։ 

ՀՖՖ-ն շարունակելու է հետևողական աշխատանքը՝ ապահովելով առաջնության թափանցիկությունն ու արդար մրցակցային միջավայրը։

Մենք հասկանում ենք, որ առաջնության վերջնամասում չեմպիոնության համար պայքարը չափազանց լարված է։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստ է բոլոր ակումբների հետ կառուցողական և պրոֆեսիոնալ քննարկման՝ մրցավարական ցանկացած վիճելի հարցի վերաբերյալ։ 
Համոզված ենք, որ փոխադարձ հարգանքի և երկխոսության միջոցով հնարավոր է ապահովել հայկական ֆուտբոլի կայուն զարգացումն ու առաջնության բարձր մրցակցային մակարդակը»։

Հիշեցնենք՝ «Ուրարտու» ակումբի գլխավոր տնօրեն Դավիթ Շախբագյանը երեկ «Ալաշկերտ»-ի հետ հանդիպումից ու 1։3 հաշվով կրած պարտությունից հետո հանդես էր եկել հայտարարությամբ՝ մասնավորապես նշելով. «Մենք չենք ընդունում Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի «Ուրարտու» – «Ալաշկերտ» հանդիպման արդյունքը՝ այն համարելով ոչ արդար և ձևավորված մրցավարական լուրջ սխալների պայմաններում։ Մրցավարության օբյեկտիվության և որակի վերաբերյալ ստիպված ենք հրապարակավ արտահայտել մեր դժգոհությունը»։

Հիշեցնենք, որ Fastex Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս 3-1 հաշվով առավելության էր հասել «Ուրարտուի» նկատմամբ։ Հանդիպման ընթացքում դաշտի տերերը մնացել էին 9 հոգով. 43-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով հեռացվել էր Ալեքսանդր Միշիչը, իսկ 90+4-րդ րոպեին երկրորդ դեղին քարտով դաշտը լքել էր Նարեկ Աղասարյանը:
 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սկադալը շարունակվում է. ՀՖՖ-ից արձագանքել են «Ուրարտու» ՖԱ գլխավոր տնօրեն Դավիթ Շախբագյանի մեղադրանքներին