Իշխանափոխությունից հետո այս խմբակի հանցագործությունները կբացահայտվեն ողջ ծավալով․ Հարությունյան
Քաղաքական
19:34 21/04/2026
Հայաստան

Իշխանափոխությունից հետո այս խմբակի հանցագործությունները կբացահայտվեն ողջ ծավալով․ Հարությունյան

  «Ուժեղ Հայաստան» դաշինքի անունից երախտագիտություն եմ հայտնում «Ապրելու երկիր» կուսակցությանը՝ այս դժվարին և ճակատագրական պահին մեզ հետ միասնական ճակատով հանդես գալու և պայքարի ծանր պատասխանատվությունը կիսելու համար»,-  իր խոսքում նշեց «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ. Հարություն Հարությունյանը, ապա շարունակեց․

«Այս դաշինքը սոսկ քաղաքական համագործակցություն չէ։ Սա արժեքների և նպատակների այնպիսի համախմբում է, որն այսօր օդ ու ջրի պես անհրաժեշտ է մեր երկրին և մեր ժողովրդին։ Այսօր մենք հավաքվել ենք ոչ միայն արձանագրելու մեր քաղաքական կամքը, այլև հիմք դնելու մի նոր ուղու, որտեղ անձնական ու կուսակցական շահը պետք է ստորադասվի Հայաստանի Հանրապետության հարատևմանը։ Սակայն մենք պարտավոր ենք առերեսվել այն դառը իրականությանը, թե ինչպես է մեր պետականությունը հայտնվել այս անդունդի եզրին։Ժողովրդավարության, արդարության և թալանի վերադարձման խոստումներով եկած փոքրիկ խմբակը աստիճանաբար վերածվել է բռնապետության ու թալանի ապարատի։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում, պարզապես իշխանավարում չէ, այլ հետևողական հարձակում՝ մեր տեսակի դեմ»։

Ըստ Հարությունյանի՝ այսօր թիրախավորվում են եկեղեցին, պատմությունը, լեզուն և այն ամենը, ինչը մեզ դարձնում է ազգ և պետություն։

«Այս վարչախումբը, որը խոսում էր սիրո և համերաշխության մասին, այսօր չի վարանում կիրառել անհամաչափ ուժ քննադատողների նկատմամբ՝ փորձելով լռեցնել յուրաքանչյուր ազատ ձայն, որը համարձակվում է մատնանշել իր ձախողումները։ Բայց թող ոչ ոք չկասկածի՝ այս ամենը չի՛ մոռացվելու։ Այս խմբակի հանցագործությունները կբացահայտվեն ողջ ծավալով իշխանափոխությունից հետո։Եվ պատասխանատվությունը կլինի անխուսափելի՝ արդարադատությունը վաղ թե ուշ թակելու է յուրաքանչյուրի դուռը, ով իր լռությամբ կամ գործողությամբ նպաստել է մեր երկրի կազմաքանդմանը։ Երբ քաղաքական ուժերը միավորվում են հանուն ազգային արժանապատվության, պետականության վերականգնման և ժողովրդի խաթարված վստահության վերականգնման, հենց այդտեղից է սկսվում իրական արդար և անշրջելի փոփոխությունների ճանապարհը, որը մենք պետք է ունենանք Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ»,- հավելեց Հարությունյանը։

 Նշենք, որ այս պահին ընթանում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի մաս կազմող քաղաքական կուսակցությունների անդամների հանդիպումը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder