Իրան-ԱՄՆ պատերազմն ազդել է պահպանակների գների վրա և առաջացրել դրանց դեֆիցիտ
Տնտեսություն
09:42 25/04/2026
Աշխարհ

Իրան-ԱՄՆ պատերազմն ազդել է պահպանակների գների վրա և առաջացրել դրանց դեֆիցիտ

Պահպանակներ արտադրող աշխարհի խոշորագույն արտադրողը պլանավորում է բարձրացնել գները ԱՄՆ-Իրան պատերազմի պատճառով։

Մալայզիական Karex ընկերությունը հայտարարել է, որ իր արտադրանքի գինը կբարձրացնի 30%-ով կամ նույնիսկ ավելի, եթե Իրանում պատերազմը շարունակվի։ Պատերազմի հետրանքով խաթարվել են մատակարարման շղթաները։

BBC-ն գրում է, որ ընկերության գործադիր տնօրեն Գոհ Միա Քիաթի խոսքով՝ արտադրության ծախսերը կտրուկ աճել են հակամարտության սկզբից ի վեր։ Karex-ը տարեկան արտադրում է ավելի քան հինգ միլիարդ պահպանակ և մատակարարում դրանք առաջատար համաշխարհային ապրանքանիշերին, ինչպիսին օրինակ Durex-ն է, ինչպես նաև հանրային առողջապահական համակարգերին, ինչպիսիք են Մեծ Բրիտանիայի Ազգային առողջապահական ծառայությունը։ Այն նաև արտադրում է պահպանակներ իր սեփական ապրանքանիշերի ներքո, ինչպիսիք են ONE Condoms-ը և Carex-ը։

Իրանի հետ ԱՄՆ-Իսրայել պատերազմի սկզբից ի վեր Հորմուզի նեղուցը փակ է։ Սա էական ազդեցություն է ունեցել նավթի համաշխարհային մատակարարումների վրա։ Աշխարհի հում նավթի և հեղուկ բնական գազի մոտ մեկ հինգերորդը, ինչպես նաև այլ նավթաքիմիական արտադրանքներ, անցնում են նեղուցով։

Գոհ Միա Քիաթը  բողոքել է, որ արտադրական ծախսերը աճել են 25-30%-ով: Մատակարարման շղթայի խափանումները հանգեցրել են ինչպես պահպանակների, այնպես էլ դրանց փաթեթավորման համար նախատեսված հումքի գների բարձրացմանը:

Նա ասել է, որ ընկերությունն ունի բավարար հումք՝ հաջորդ երկու-երեք ամիսների ընթացքում արտադրությունը պահպանելու համար, սակայն դրանից հետո հեռանկարը անորոշ է։ Նա զգուշացրել է, որ պահպանակների գները կբարձրանան հաջորդ մի քանի ամիսների ընթացքում:

«Մենք արդեն քննարկումների մեջ ենք մեր հաճախորդների մեծ մասի հետ գների ճշգրտումների վերաբերյալ, և սա, անկասկած, վերջին մի քանի տարիների ընթացքում մեր կատարած ամենանշանակալի գնային ճշգրտումներից մեկն է», - ասել է  Գոհ Միա Կիաթը։ 

Karex-ն օգտագործում է նավթից ստացված նյութեր, այդ թվում՝ ամոնիակ, այն օգտագործվում է լատեքսը պահպանելու համար, և սիլիկոնային յուղ՝ յուրաքանչյուր պահպանակը յուղելու համար։ Նշվում է, որ պատերազմի մեկնարկից ի վեր սիլիկոնի համար նախատեսված յուղի գինը աճել է մոտ 30%-ով, նիտրիլային լատեքսի գները կրկնապատկվել են, բնական կաուչուկի գները հունվարից ի վեր աճել են մեկ երրորդով։

Ընկերության գլխավոր տնօրենը շեշտել է, որ փոխարինողներ գտնելը հեշտ չէ՝ հաշվի առնելով բժշկական սարքավորումների, այդ թվում՝ պահպանակների նկատմամբ սահմանված խիստ պահանջները։ Նրա խոսքով՝ պահպանակների պահանջարկը այս տարի աճել է մոտ 30%-ով, իսկ առաքման ծախսերի աճը և առաքման ուշացումները սրում են դեֆիցիտը։

«Դժվարին ժամանակներում պահպանակների կարիքն ավելի է մեծանում, քանի որ մարդիկ անորոշության մեջ են իրենց ապագայի հարցում. նրանք չգիտեն՝ հաջորդ տարի աշխատանք կունենա՞ն, թե ոչ. Այդ պաըճառով խուսափում են երեխա ունենալուց», - նշել է ընկերության ղեկավարը։

ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը Իրանի դեմ հանգեցրել է նաև այլ սպառողական ապրանքների գների բարձրացմանը։ Պարարտանյութերի գները բարձրացել են, իսկ շշալցված ջրի արտադրողները բողոքում են հումք ձեռք բերելու դժվարություններից։

Հելիումը, որն օգտագործվում է համակարգչային չիպերի արտադրության համար, նույնպես նվազել է։ Ավիաընկերությունների գները կտրուկ աճել են. նոր հետազոտության համաձայն՝ էկոնոմ դասի ամենաէժան տոմսերը միջինում 24%-ով ավելի թանկ են, քան մեկ տարի առաջ։ ՄԱԿ-ը զգուշացնում է, որ տրանսպորտային ծախսերի աճը կհանգեցնի շաքարի, կաթնամթերքի և մրգերի գների բարձրացմանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder