«Ամոթալի է ՀՀ իշխանության քար լռությունը, պետության վախկոտ անգործությունը Բաքվի բուլդոզերների առաջ կանաչ լույս է վառում»
Քաղաքական
12:40 22/04/2026
Հայաստան

«Ամոթալի է ՀՀ իշխանության քար լռությունը, պետության վախկոտ անգործությունը Բաքվի բուլդոզերների առաջ կանաչ լույս է վառում»

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդն արձանագրում է՝ Բաքվի ահաբեկչական ռեժիմը Արցախի օկուպացված տարածքներում լկտիաբար և անպատիժ կերպով հողին է հավասարեցնում հայկական քրիստոնեական ժառանգությունը։

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու և Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի հիմնահատակ ավերումը առանձին պատահարներ չեն։ Թշնամին ոչնչացնում է քարը, որովհետև սարսափում է այդ քարի մեջ դրոշմված հայկական հիշողությունից, հայի աղոթքից ու քրիստոնեական անքակտելի իրավունքից։ Նրանք քանդում են մեր սրբավայրերը՝ մեր գոյության հետքերն իսպառ ջնջելու հիվանդագին մոլուցքով։

Բայց ամենազզվելին ու ամոթալին Հայաստանի օրվա իշխանությունների քար լռությունն է։ Երբ թշնամին պղծում և պայթեցնում է քո ազգային սրբությունները, իսկ պետական ապարատը ծպտուն չի հանում, դա չեզոքություն կամ «խաղաղության դիվանագիտություն» չէ։ Դա ուղիղ հանցակցություն է և ազգային դավաճանություն։ Պետության վախկոտ անգործությունը Բաքվի բուլդոզերների առաջ կանաչ լույս է վառում։

Նույնքան զզվելի և կեղծավոր է այսպես կոչված «քաղաքակիրթ աշխարհի», միջազգային կառույցների և համաշխարհային քրիստոնեական համայնքի կուրությունն ու խուլ անտարբերությունը։ Ձեր լռությամբ դուք գործակից եք դառնում 21-րդ դարի ամենացինիկ տեռորին։ Անպատժելիությունը ծնում է նոր բարբարոսություն, և դրա մեղավորը նաև դուք եք։

Մենք պահանջում ենք միջազգային քրիստոնեական կառույցներից և ՅՈՒՆԵՍԿՕ-ից. դուրս գալ անատամ և անիմաստ դիտորդի վախկոտ կարգավիճակից, անհապաղ փաստահավաք խումբ ուղարկել օկուպացված տարածքներ և գործուն պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։ Հայաստանի Հանրապետության իշխանություններից՝ վերջ տալ նվաստացման ու զիջումների այս կործանարար ընթացքին։ Անհապաղ և հրապարակային կոշտ հարված տալ այս քաղաքականությանը միջազգային բոլոր հարթակներում։ Ձեր լռությունը չի բերելու խաղաղություն, այն բերելու է նոր մորթ ու պղծում։

Համայն հայությանը կոչ ենք անում՝ սթափվե՛ք թմբիրից։ Վերջ տվեք անտարբերությանը։

Արցախի եկեղեցիները պարզապես քարե շենքեր չեն, դրանք մեր ինքնության ողնաշարն են։ Ով այսօր կուլ է տալիս իր սրբավայրերի կործանումը, վաղը կորցնելու է իր տունն ու պետականությունը։ Այս ոճրագործության առաջ լռողները պատասխան են տալու պատմության առաջ»։

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը անդրադարել է Ադրբեջանի կողմից իրականացված հերթական վանդալիզմի դեպքին. 

«Խորը ցավ ու վրդովմունք եմ ապրում Արցախում տեղի ունեցած հերթական վանդալիզմի պատճառով։ Ոչնչացվել է Ստեփանակերտի ամենագեղատեսիլ ու խորհրդանշական հոգևոր կենտրոններից մեկը՝ Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարը։

Քանի՜ անգամ է Մայր տաճարը համախմբել հավատավոր ժողովրդին՝ միասնական աղոթքով դիմելու Աստծուն, ուժ ու հույս գտնելու շրջափակված Արցախը պահպանելու համար։ Այն դարձել էր տոկունության, միասնության և հավատքի խորհրդանիշ։

Ադրբեջանի կողմից իրականացվող ակնհայտ մշակութային ցեղասպանությունը չի կարող և չպետք է անտեսվի խաղաղության ձևավորման բանակցային գործընթացի համատեքստում։

Անընդունելի է Հայաստանի օրվա իշխանությունների լիակատար լռությունը։ Դա ընկալվում է որպես անտարբերություն և նույնիսկ համաձայնություն։

Միջազգային հանրության լռությունն ու անգործությունը ևս վտանգավոր նախադեպ են ստեղծում։ Երբ նման գործողությունները չեն արժանանում համարժեք արձագանքի, դա փաստացի վերածվում է «կանաչ լույսի»՝ շարունակելու նույն քաղաքականությունը։

Մեր մշակութային ժառանգությունը մեր ինքնության հիմքն է, և այն պաշտպանելը ոչ միայն իրավունքն է, այլև պարտավորությունը՝ մեր անցյալի, ներկայի և ապագայի առաջ»։ 

 

 

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder