Ես չեմ ուզում, որ իմ ազգն առանց հիշողության մնա․ Շարմազանով
Քաղաքական
20:38 23/04/2026
Հայաստան

Ես չեմ ուզում, որ իմ ազգն առանց հիշողության մնա․ Շարմազանով

«Սա դասական ուրացման քաղաքականություն է»,- այս մասին Հանրապետության հրապարակում, որտեղ քիչ անց կմեկնարկի ջահակիչների երթը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Ցեղասպանության վերաբերյալ արած հայտարարություններին։

«Տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանի կոլլաբորացիոնիստական վարչակարգն իրականացնում է քայլեր, որոնք դեմ են հայոց պահանջատիրության գաղափարին։ Նրանք ոչ ավել, ոչ պակաս հայտարարում են, որ հլը պտի հասկանանք՝ ինչո՞ւ է եղել Ցեղասպանությունը, փորձում են այլ պետությունների մեղավոր ճանաչել»,- ասաց Շարմազանովն, ապա հավելեց, «Թրքահպատակ ռեժիմից ի՞նչ պիտի սպասենք։ Նիկոլ Փաշինյանի համար Հայաստանի ապագան Էրդողանի գիրքն է։ Իսկ Էրդողանի գրքում Էրդողանի և Ալիևի ռազմավարության մեջ Հայաստան չկա։ Հետևաբար, ես բոլորին կոչ եմ անում՝ համախմբվել, մի կողմ դնել ներկուսակցական, ներընդդիմադիր խժդժությունները և մի մարդու նման դեմ քվեարկել կառավարության շենքում նստած անձնավորությանը»։

Թե որքանով է իրատեսական «մի մարդու» նման համախմբումը, Շարամազանովն արձագանքեց․ «Մենք սեփական օրինակով ենք ցույց տվել, որ կարելի է ու պետք է ամբիցիաները մի կողմ դնել։ Կարելի է ու անհրաժեշտ է, նաև՝ հնարավոր, որ սեփական «ես»-ը ստորադասել համազգային շահի։ Կուսակցությունը հայրենիքից կարևոր չէ, աթոռը, պաշտոնը, մանդատը հայրենիքից կարևոր չէ։ Նիկոլ Փաշինյանը՝ ուրանալով Ցեղասպանությունը, մոռանալով Արցախը, ուրանալով պահանջատիրությունը, չբարձրացնելով մեր մշակութային այսօրվա Ցեղասպանության խնդիրները նաև Արցախում, «ջուր էր լցնում» Հայաստանի՝ «Արևմտյան Ադրբեջան» դառնալու ջրաղացին։ Այսօր դրված է ՝ կամ Հայաստանի լինելիությունը, կամ՝ վիլայեթացումը։ Հետևաբար, բոլորը՝ ում համար թանկ է Ծիծեռնակաբերդը, ում համար թանկ է Եռաբլուրը, պետք է իրենց «եսը» մոռանան՝ հանուն Հայաստանի շահի, հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր նահատակների։ Եթե սա վերընտրվեց, մենք վեր ենք ածվելու, Հրանտ Մաթևոսյանի ասած՝ «առանց հիշողության անասունի», ես չեմ ուզում, որ իմ ազգն առանց հիշողության մնա»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder