Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պարսկահայ կառուցապատողն այս պահին պայքարում է քաղաքապետարանի տեխնիկայի դեմ. Փաստաբանն ահազանգում է ապօրինի գործողության մասին
Պարսկահայ գործարար Օշին Գագիկի Միրզախան Սակիին այս պահին Աշտարակի խճուղի 41/4 հասցեում փորձում է խոչընդոտել իր հողի պարիսպի ինքնակամ հատվածը քանդելու եկած տեխնիկայի աշխատանքը։ Նա դեպքի վայրում գտնվող իրավապահների հետ զրույցում վկայակոչում է օրենքը, որն իրեն իրավունքներ է տալիս, խոսում մլն-ավոր դոլարի վնասների մասին, որոնք կրելու է պարիսպի քանդման ու հարակից հողն ուրիշին վաճառելու հետևանքով։
«Երևանի քաղաքապետարանն այս պահին փորձում է անօրինական գործողությունների դիմել և անօրինական աճուրդ կազմակերպել Աշտարակի խճուղի 41/4 հասցեում գտնվող ու սեփականության իրավունքով պարսկահայ գործարարին պատկանող հողատարածքի հարևանությամբ գտնվող հողի համար»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Վիրաբյանը։
Փաստաբանը մանրամասնեց՝ պարսկահայ գործարար Օշին Գագիկի Միրզախան Սակիին դեռ տարիներ առաջ գնել է Աջափնյակ համայնքի Աշտարակի խճուղի 41/4 հասցեի անշարժ գույքը, նշված հողատարածքի վրա առկա է ինքնակամ կառուցված պարիսպ, որը կառուցվել է առնվազն 2010 թվականին: պարիսպը որոշակի հատվածով զբաղեցնում է նաև հարևանությամբ գտնվող համայնքային հողամասը:
Օրեր առաջ Աջափնյակ համայնքի ներկայացուցիչները բանավոր կարգով հայտնել են Օշին Գագիկի Միրզախան Սակիին, որ Երևանի քաղաքապետարանի կողմից ստացել են կարգադրություն՝ պարսպի քանդման մասին, քանի որ նախապատրաստվում է համայնքային հողի աճուրդ:
Փաստաբանն ապրիլի 15-ին դիմում է ներկայացրել քաղաքապետարան ու մասնավորապե նշել. «Հողային օրենսգրքի 66 հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով՝ Երևան քաղաքի Աջափնյակ համայնքի Աշտարակի խճուղի 41/4 հասցեի անշարժ գույքի /կադաստրային ծածկագիր՝ 01-001-0519-0266/ հարակից՝ ինքնակամ կառուցված, սակայն իրավաբանական ձրակերպում չստացած շինության՝ պարսպի ներառմամբ անշարժ գույքը գնման նախապատվության իրավունքով օտարել Օշին Գագիկի Միրզախան Սակիին»։
Փաստաբանը խնդրել է նաև գրությանը պատասխանել հնարավորինս սեղմ ժամկետում։ Սակայն մինչ օրս որևէ մեկին դիմումը չի մակագրվել, ավելին քաղաքապետարանից տեղեկություն չեն հայտնում, թե ով է այդ դիմումով զբաղվում։
Մինչ քաղաքացին ու փաստաբանը սպասում են քաղաքապետարանի արձագանքին, այսօր Օշին Գագիկի Միրզախան Սակիին ներկայացնում են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ ապրիլի 22-ի որոշումը պարիսպի քանդման մասին։
«Որպես վարչական ակտ՝ քաղաքապետի որոշումն ունի բողոքարկման ժամկետ՝ երկու ամիս, սակայն որոշումը ներկայացրել են ու նույն պահին տեխնիկա է մտցվել տարածք պարիսպը քանդելու համար։ Սեփականատերը պատրաստ է այդ հողատարածքը գնել, ավելին, եթե այն մեկ ուրիշին տրամադրեն, ապա հողի սեփականատերը չի ունենալու մուտք դեպի իր տարածք։ Նա 2 մլն դրամի ներդրում է կատարել, թաղամաս է կառուցում, ըստ օրենքի կառուցապատում է անում, և այդ հողատարածքն իրեն անհրաժեշտ է։ Քաղաքացին ասում է, եթե մեկ ուրիշին եք վաճառելու, նույն գնառաջարկն ինձ արեք, ես կգնեմ, եթե չգնեմ, նոր վաճառեք»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Լուսինե Վիրաբյանը։
Օշին Գագիկի Միրզախան Սակիին դիմել է վարչապետի աշխատակազմ, ներկայացրել է խնդիրը, այնտեղ ասել են՝ շատ են հավանում նախագիծը, հիացած են ներդրումներով, բայց նշել են, որ հարցն ուղարկել են քաղաքապետարան։ Ավելին, Լ. Վիրաբյանը դեռ անցած շաբաթ քաղաքապետարան հարցում է արել տվյալ համայնքի տվյալ գոտում աճուրդի նախապատրաստվող հողերի մասին, սակայն քաղաքապետարանից հայտնել են, դեռևս չկան նման հողատարածքներ։
«Այդ դեպքում նման ինքնաբուխ ու շատ հրատապ քանդման պրոցեսն ինչի՞ հետ է կապված; Այդ պարիսպը 2010-ից կառուցված է, որևէ մեկին չի խանգարում»,-հարց է հնչեցնում փաստաբանը՝ զերծ մնալով գնահատողական կարծիք արտահայտելուց։
Գործարարը ոստիկաններ է կանչել դեպքի վայր՝ հույս ունենալով, որ օրենքն իր կողմը կլինի։ Սակայն իրավապահները եկել են ու միացել թաղապետարանի ներկայացուցչին՝ նշելով, որ պարիսպը պետք է քանդվի. «Ասում են, մի խանգարեք, մենք կքանդենք, դուք բողոքարկեք»։
Panorama.am-ի հետ զրույցում Օշին Գագիկի Միրզախան Սակիին ասաց, այս պահին միայնակ պայքարում է տեխնիկայի, իրավապահների ու թաղապետարանի ներկայացուցիչների դեմ՝ պարիսպի քանդման գործողությունը որակելով ապօրինի։
«Ես իմ իրավունքներից եմ օգտվում, իրենց տրված որոշման մեջ նշվում է, որ ես երկու ամիս ունեմ՝ այն բողոքարկելու համար»,-մինչ կխոսեր մեզ հետ, բղավում էր գործարարը։
Կառուցապատողի խոսքով, ինքը թաղամասի կառուցման համար 2 մլն դոլար ներդրում է կատարել, եթե պարիսպը քանդվի ու հարևանությամբ գտնվող հողամասն ուրիշին վաճառվի, ապա ինքը խիստ վնասներ է կրելու։
«Ես դեռ 2 մլն դոլարի ներդրում էլ պատրաստվում եմ անել, բայց եթե այս գործողությունն անեն, ընդհանուր պրոյեկտը խաթարվում է»,-ասաց նա։
Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար քաղաքապետարան ուղղված հեռախոսազանգերն այս պահին մնացին նպատասխան։ Panorama.am-ը կներկայացնի նաև քաղաքապետարանի մեկնաբանությունը։