Չկա այնպիսի ցուցմունք, որի վրա ազդելու անհրաժեշտություն կա. Խաչիկ Գալստյանի պաշտպան
Քաղաքական
13:26 23/04/2026
Հայաստան

Չկա այնպիսի ցուցմունք, որի վրա ազդելու անհրաժեշտություն կա. Խաչիկ Գալստյանի պաշտպան

Հակակոռուպցիոն դատարանում փաստաբան Արսեն Բաբայանը միջնորդել է, որ իր պաշտպանյալ Խաչիկ Գալստյանի նկատմամբ խափանման որևէ միջոց չկիրառվի։

Մինչդեռ հանրային մեղադրողը միջնորդել է, որ երկարացվի և Խաչիկ Գալստյանի, և «Հայրենիք» կուսակցության Վաղարշապատի գրասենյակի պատասխանատու Արամ Քոչարյանի նկատմամբ ընտրված տնային կալանքը։

Նիստի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում Արսեն Բաբայանը հիշեցրեց, որ այս պահին քաղաքական գիտությունների դոկտոր Խ. Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված են տնային կալանքն ու 20 մլն դրամ գրավը։

«Մեր կողմից բերվեցին հիմնավորումներ, որ խափանման միջոցի հիմքերը բացակայում են։ Մեր պնդումն այն է, որ դատարանը տնային կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս բավականին ցածր էր գնահատել քննությանը խոչընդոտելու ռիսկը, եթե այդ ռիսկը շարունակում է  գոյություն ունենալ՝ հաշվի առնելով այս ընթացքում ձեռք բերած ապացույցները, կատարված գործողությունները, ապա 20 մլն դրամ գրավը լիովին բավարար է նման հնարավոր այդ ռիսկը կանխելու համար»,-մանրամասնեց Արսեն Բաբայանը։

Պաշտպանի գնահատմամբ,  Գալստյանի նկատմամբ ընդհանրապես խափանման միջոց չպետք է կիրառվի, բայց այնուամենայնիվ եթե դատարանը գտնի, որ դրա համար կան հիմքեր ու ռիսկեր, ապա 20 մլն դրամը կարող է թողնել անփոփոխ։

«Ավելին ասեմ, դրա անհրաժեշտությունն էլ չկա։ Մենք դատարանում պնդեցինք, որ չկա այնպիսի ցուցմունք, որի վրա ազդելու անհրաժեշտություն կա։ Հանցակազմ չկա, այդ գործողություններում ընդհանրապես հանցագործություն չկա»,-ասաց Բաբայանը։



Հիշեցնենք, որ քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանին ու «Հայրենիք» կուսակցության անդամ Արամ Քոչարյանին Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրում է 2025 թ. նոյեմբերի 16-ին Վաղարշապատում տեղի ունեցած արտահերթ ընտրությունների ժամանակ, իբր, ընտրողներին ընտրակաշառք բաժանելու մեջ: Գալստյանը կալանավորվել է 2025թ․ դեկտեմբերի 30-ին։ Փետրվարի 26-ին դատարանի որոշմամբ, Խաչիկ Գալստյանի խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքի։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Չկա այնպիսի ցուցմունք, որի վրա ազդելու անհրաժեշտություն կա. Խաչիկ Գալստյանի պաշտպան