Թուրքիան հենց Ադրբեջանին է «պատվիրակել» Հայաստանով «զբաղվելը». Վերլուծաբան
Քաղաքական
15:44 24/04/2026
Հայաստան

Թուրքիան հենց Ադրբեջանին է «պատվիրակել» Հայաստանով «զբաղվելը». Վերլուծաբան

«Մենք խստորեն դատապարտում ենք ապրիլի 23-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում կայացած «ջահերով երթի» ժամանակ թուրքական դրոշի այրումը։  Հայաստանի կառավարությունը պետք է անհապաղ կանխեր նման արշավը, որը խոր արմատներ ունեցող էթնիկ ատելության դրսևորում է, և ձեռնարկեր համապատասխան անվտանգության միջոցառումներ։ Անընդունելի է աչք փակել նման անընդունելի գործողությունների վրա՝ հղում անելով ժողովրդավարական նորմերին, հավաքների ազատությանը և խոսքի ազատությանը։ Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը պատասխանատվության ենթարկել Թուրքիայի դրոշն այրած անձանց»,-նման հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։

Ընդգծենք, որ խոսքն անգամ Ադրբեջանի դրոշի մասին չէ, այլ երրորդ երկրի՝ Թուրքիայի: Ինչի՞ մասին է այս հայտարարությունը:

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը նշում է՝  իրականում Թուրքիան հենց Ադրբեջանին է «պատվիրակել» Հայաստանով «զբաղվելը»:

«Մի քանի օր առաջ Հայաստանի ԱԺ նախագահը հայտարարում էր, թե Ադրբեջանն իբր խանգարում է հայ-թուրքական կարգավորմանը: Թուրքիան «մաքրելու» այդ փորձը արժանանում է ահա իրական պատկերին՝ Թուրքիան այլեւս հայ-թուրքական հարաբերությունը չի համարում իրեն այսպես ասած համարժեք մակարդակի հարց, եւ այն ամբողջությամբ «տեղավորել» է հայ-ադրբեջանական գործընթացի մեջ եւ հարցերը «պատվիրակել» Ադրբեջանին:

Սա է Երևանի քաղաքականության հետեւանքը, ոչ թե հայ-թուրքական կարգավորման իբր թե հեռանկար բացելը:

Մյուսը. Ադրբեջանը անում է հայտարարություն, որը իրականում «բխում» է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախաստորագրված խաղաղության «տեքստից»: Պարզապես, այդ տեքստը դեռեւս ստորագրված չէ, այլապես Բաքուն կաներ անմիջական հղում: Այդ տեքստի կետերում հստակ սահմանված են այն պարամետրերը, որոնց մասին խոսում է Ադրբեջանը իր ԱԳՆ հայտարարության մեջ: Եվ, երբ այդ տեքստը լինի ստորագրված ու վավերացված, ապա կարող եք պատկերացնել, թե Ադրբեջանը ինչպես է խոսելու Հայաստանում իր պատկերացումներից դուրս որեւէ բառ հնչեցնելու կամ որեւէ միտք արտահայտելու մասին, Հայաստանին մատնացույց անելով խաղաղության պայմանագիր ասվածը: Այլ կերպ ասած, Հայաստանի Սահմանադրությունը իրականում դառնալու է Հայաստան-Ադրբեջան այդ խաղաղության պայմանագիր ասվածը»,-գրում է քաղաքական վերլուծաբանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder