Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ֆակուլտետներ, որտեղ հայտագրման մեկնարկից 10 օր անց, ստացվել է 0 հայտ
Ապրիլի 15-ից Գնահատման և թեստավորման կենտրոնը սկսել է 2026 թվականի դիմորդների՝ բուհերի ընդունելության համար բուհի և մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը։ Հայտագրումը կշարունակվի մինչև մայիսի 10-ը։
Հայտագրման մեկնարկից 10 օր անց հայստանյան պետական բուհերում կան ֆակուլտետներ, որտեղ ընդունվելու համար (առաջին տողով) դեռ ոչ մի դիմորդ չի դիմել։
Panorama.am-ն ուսումնասիրել է հայտագրումների ընթացքը, դիմորդների շարժն ու եկել համոզման, որ մշակույթի, արվեստի հետ կապված մասնագիտությունները երիտասարդներին չեն հետաքրքրում։ Պահանջված են շարունակում մնալ իրավագիտությունը, միջազգային հարաբերությունները, ստոմատոլոգիան, բուժական գործը, հաշվապահությունը, տնտեսագիտությունը և այլն։
Օրինակ, ԵՊՀ-ի սննդի անվտանգության, արվեստաբանության, ֆալուկտետներ ընդունվելու ցանկություն այս պահին որևէ դիմորդ չի հայտնել։ Մի քանի ֆակուլտետների համար էլ դիմել են մեկական դիմորդներ` ԵՊՀ մաթեմատիկա, մեխանիկա, մշակութաբանություն, աստվածաբանություն, սոցիոլոգիա։ Ի հակառակ սրան, իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու համար առաջ տողով դիմել է 123 դիմորդ (140 տեղ է նախատեսված)։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում դեռ հայտագրված դիմորդներ չունեն քիմիական տեխնոլոգիա, հաշվողական լեզվաբանություն, շրջակա միջավայրի պահպանություն, ջերմաէներգետիկա, շինությունների էլեկտրամատակարարման քոմփյութերային նախագծում, ավտոմատացում, մեխանիկական համակարգերի քոմփյութերային նախագծում, մետալուրգիա, չափիչ սարքավորումներ և համակարգեր, օգտակար հանածոների հարստացում ու այլ ֆակուլտետները։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բոլոր ֆակուլտետների համար հայտագրված դիմորդներ կան, 10-ից պակաս հայտեր ստացել է միայն մեկ ֆակուլտետ՝ բնապահպանություն և բնօգտագործում ֆակուլտետի համար հայտագրված է 4 դիմորդ։
Տխուր պատկեր է նաև Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, այստեղ դիմորդներին մինչ այս պահն ընդհանրապես չեն հետաքրքրել տեխնոլոգիա և ձեռնարկչություն, հասարակագիտություն, արվեստի տեսություն, պատմություն և կառավարում, մշակութաբանություն, թանգարանային գործ և պատմամշակութային կառույցների պահպանություն, լրագրություն, գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ, շրջակա միջավայրի գիտություններ, արվեստ-արհեստ ֆակուլտետները։
Բրյուսովի անվան պետական համալսարանում առաջին տողով հայտեր չեն ստացվել լեզվաբանություն, ֆրանսերեն, լեզվաբանություն, գերմաներեն, լեզվաբանություն, իտալերեն, մասնագիտական մանկավարժություն, Ռուսերեն,գերմաներեն և գրականություն, մասնագիտական մանկավարժություն՝ իտալերեն, անգլերեն և գրականություն, հաշվողական լեզվաբանություն ֆակուլտետներ ընդունվելու համար։
Մ. Հերացու անվան բժշկական ֆակուլտետի չորս ֆակուլտետներում դիմորդներ կան, սակայն անհամեմատ փոքր է բուժական գործ զինված ուժերում ֆակուլտետի դիմորդների թիվը՝ 10 օրում ընդամենը 7 հայտ է ներկայացվել։
Հիշեցնենք, որ հայտագրումը շարունակվելու է մինչև մայիսի 10-ը, իհարկե, այս թվերը կփոփոխվեն, բայց միտումներն արդեն պարզ են։