Ինչու «Զարթոնք»-ը չի մասնակցում առաջիկա ԱԺ ընտրություններին
Քաղաքական
15:10 25/04/2026
Հայաստան

Ինչու «Զարթոնք»-ը չի մասնակցում առաջիկա ԱԺ ընտրություններին

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը տեղեկացնում է, որ կուսակցությունը Ազգային Ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին չի մասնակցելու հաշվի առնելով քաղաքական առկա իրավիճակը և ընդդիմադիր ուժերի դասավորվածությունը:

«Զարթոնքը գտնում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հակազգային և հակապետական քաղաքականությունը մեծ աղետ է դարձել Հայաստանի և Արցախի համար: Նվաստացուցիչ կեցվածքով վարած բանակցություններով և միակողմանի զիջումներով իշխող ուժն ավելի է գրգռել թշնամու հավակնությունները և պատերազմի մեծ ռիսկեր է առաջացրել:

Իր ծրագրի մեջ ներառելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին միջամտելու հակաբարոյական դրույթները ՔՊ կուսակցությունը դրսևորել է հակասահմանադրական (հակաօրինական) վարքագիծ:

Այս պայմաններում, Զարթոնքը կոչ է անում կուսակցության անդամներին և Հայաստանի զարթոնքը կամեցող հայրենակիցներին՝

Ա. ձեռնպահ մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կամ նրա հետ փոխկապակցված կուսակցություններին ընտրելուց.

Բ. Ընտրել ընդդիմադիր կեցվածք ունեցող այն կուսակցությանը կամ դաշինքին, որը ղեկավարվելու է հետևյալ սկզբունքային դրույթներով՝

1) Հայաստանի պետականության (ինքնիշխանության) պահպանում.

2) Արցախի ժողովրդի խախտված իրավունքների վերականգնում.

3) Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և հատուցման սատարում.

4) Հայոց բանակի հզորացում.

5) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության արժևորում և ինքնավարության ապահովում.

6) Ազգային արժեքների պահպանում.

7) Կոռուպցիայի վերացման իրական քայլերի իրականացում:

Մեր հայրենիքի անվտանգության և զարգացման ապահովումը բխում է քրիստոնեական արժեքների, այդ թվում՝ բարոյականության և ազգային արժեհամակարգերի պահպանման գիտակցությունից և գործուն քայլերից»,- նշված է «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի հայտարարության մեջ։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչու «Զարթոնք»-ը չի մասնակցում առաջիկա ԱԺ ընտրություններին