Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանական տարբեր հարթակներում հրապարակված նյութերի համաձայն՝ օրեր առաջ Բաքվում՝ Ադրբեջանի նկարիչների միության Վաջիհա Սամեդովայի անվան ցուցասրահում, անցկացվել է նկարիչ Ալի Իսմայիլ Ալիևի «Արևմտյան Ադրբեջան» խորագրով անհատական ցուցահանդեսը։ Միջոցառումը կազմակերպվել է Ադրբեջանի նկարիչների միության, «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» և Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանի համատեղ նախաձեռնությամբ։ Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքի հաղորդմամբ, ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները, ըստ կազմակերպիչների, արտացոլում են «Արևմտյան Ադրբեջանի» պատմական իրողությունները, ազգային և հոգևոր արժեքները։ Ներկայացված նկարները, որոնք ընդգրկում են հեղինակի ստեղծագործության տարբեր փուլեր, ներկայացվում են ոչ միայն որպես գեղարվեստական գործեր, այլև որպես հիշողության պահպանման և փոխանցման միջոց։
Միջոցառմանը մասնակցել են պետական և հասարակական տարբեր շրջանակների ներկայացուցիչներ՝ այդ թվում պատգամավորներ, մտավորականներ և «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավար կազմի անդամներ։ Բացման խոսքում շեշտվել է նման նախաձեռնությունների կարևորությունը «պատմական հիշողության պահպանման» և ապագա սերունդներին փոխանցման համատեքստում։
Ելույթ ունեցողները, մասնավորապես, ընդգծել են, որ ցուցադրվող ստեղծագործությունները նպաստում են «կորուսյալ հայրենիքի» հետ կապի պահպանմանը և ազգային ինքնության ձևավորմանը՝ արվեստի միջոցով։
«Հատկանշական է, որ նման միջոցառումները տեղի են ունենում պետական կառույցների աջակցությամբ, ինչը վկայում է մշակութային գործիքների օգտագործման մասին՝ քաղաքական ու պատմական նարատիվների ձևավորման և տարածման գործընթացում։
Նշենք, որ, ըստ ներկայացման, նկարիչ Ալի Իսմայիլ Ալիևը ծնվել է 1960 թվականին նրանց կողմից «Արևմտյան Ադրբեջանի» Բասարկեչար անվանվող շրջանում, որը գտնվում է ներկայիս Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանն է։ Ցուցահանդեսի շրջանակում ներկայացված աշխատանքները, ըստ կազմակերպիչների, արտահայտում են նկարչի կարոտը հայրենի Գյոյչայի շրջանի և այլ «պատմական տարածքների» նկատմամբ, ինչպես նաև գեղարվեստական ձևով այդ տարածքներ «վերադառնալու» գաղափարը։ Նկարներում պատկերված են Երևանը՝ Արարատ լեռան ֆոնին՝ բազմաթիվ մզկիթներով, Վարդենիսի լեռնաշղթան, ինչպես նաև գրեթե բոլոր աշխատանքներում ընդգրկված է Սևանա լիճը։
Ըստ նույն աղբյուրների՝ ցուցադրվող նկարները ներկայացվում են ոչ միայն որպես գեղագիտական արժեք ունեցող ստեղծագործություններ, այլև որպես ազգային-հոգևոր հիշողության պահպանման և այն ապագա սերունդներին փոխանցելու միջոց (https://www.facebook.com/watch/?v=4473078079635076):
«Արևմտյան Ադրբեջան» ձևակերպումը գիտական հիմք չունեցող քաղաքական, արհեստական հորինվածք է, որը կիրառվում է Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ։ Ըստ այդ դիրքորոշման՝ նման մոտեցումները, հատկապես արվեստի և մշակույթի ոլորտում, նպաստում են խեղաթյուրված պատմական պատկերացումների ձևավորմանը և տարածմանը։ Միաժամանակ այսպիսի տերմինաբանության օգտագործումը մշակութային հարթակներում դիտարկվում է որպես քաղաքականացված նարատիվի տարածման միջոց»,- գրում է կայքը։
