Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այս տարվա հունվար-մարտին լրագրողների հասցեին սպառնալիքների 8 դեպք է եղել, որից 7-ը՝ իշխանության անդամների կողմից. Մելիքյան
2026թ․ հունվար-մարտ ամիսներին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի մոնիտորինգի ընթացքում արձանագրվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքների խախտումների 30 դեպք։ Դրանցից 1-ը ֆիզիկական բռնության, 22-ը տարատեսակ ճնշումների դեպքեր են, իսկ 7-ը՝ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ։
Ասուլիսում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասաց, որ 2026 առաջին եռամսյակի ընթացքում լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների խախտումների քանակը բոլոր կատեգորիաներով նվազել է՝ համեմատելով անցած տարվա նույն ժաանակահատվածի հետ։

Ա. Մելիքյանը նշեց, որ դիտարկվող ժամանակահատվածում քաղաքական շրջանակներից ԶԼՄ-ների ու լրագրողների հասցեին հնչեցված առերևույթ վիրավորանքների և սպառնալիքների 8 դեպք է արձանագրվել, որից 7-ը եղել է իշխանության ներկայացուցիչների կողմից։
«Այս առումով, իհարկե, բավականին մտահոգիչ փաստ է»,- ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը։
Պահպանվել է ընդդեմ լրատվամիջոցների և լրագրողների դատական հայցերի հոսքի ինտենսիվությունը․ հունվար-մարտ ամիսներին ներկայացվել է այդպիսի 14 նոր հայց՝ բոլորն էլ զրպարտության և վիրավորանքի հիմքով: Դրանցից 6-ը պաշտոնյաների կողմից են, 2-ը բիզնես ոլորտի ներկայացուցիչների, 2-ը՝ լրագրողների, 1-ը՝ ընդդիմադիր գործչի, 3-ը՝ քաղաքացիների (որոնցից 2-ը փոխկապակցված են ընդդիմադիր գործչի հետ)։

Եռամսյակի ընթացքում արձանագրված ֆիզիկական բռնության 1 դեպքը տեղի է ունեցել Ազգային ժողովում, երբ անվտանգության ծառայության աշխատակիցներն ուժ են կիրառել՝ խիստ վիճահարույց հիմնավորմամբ լրագրողին խորհրդարանի շենքից հեռացնելու համար։

Ըստ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության ս․ թ․ մարտի 19-ին հրապարակված զեկույցի՝ Հայաստանը երրորդ տարին անընդմեջ դասվել է մասամբ ազատ երկրների շարքին՝ ստանալով 100-ից 54 միավոր։ Համացանցի ազատության առումով էլ ՀՀ-ն ազատ երկրների շարքում է՝ 100-ից 72 միավորով։
«Այդուհանդերձ, մեդիադաշտը շարունակում է մնալ խիստ բևեռացված, լուրջ մարտահրավերներ են ապատեղեկատվությունը, կեղծ լուրերի, մանիպուլյատիվ հրապարակումների լայն տարածումը, հանրային տիրույթում վիրավորական արտահայտությունների կիրառումը, քաղաքակիրթ բանավեճի սուր դեֆիցիտը։ Հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների գործոնն էլ ավելի է թեժացնում իրավիճակը։
Դիտարկվող ժամանակահատվածում արձանագրված կոնֆլիկտները մեծապես պայմանավորված են եղել քաղաքական դրդապատճառներով։ Մի շարք դեպքերում լրագրողներն անտեսել են մասնագիտական էթիկայի նորմերը և տուրք տվել քաղաքական հովանավորների շահերին, իսկ պաշտոնատար անձինք ակնհայտորեն խախտել են հանրային ծառայողի բարեվարքության սկզբունքները»,- նշված է զեկույցում։