Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Աննա Հակոբյանը մեղադրում է Դանիել Իոաննիսյանին իր իրավունքների խախտման համար, պատրաստվում է նրա դեմ հայցեր ներկայացնել
Նիկոլ Փաշինյանի կողակից Աննա Հակոբյանը հրատապ հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը խախտել է իր իրավունքները։
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին «Անկախ դիտորդ»-ը դիմում է ներկայացրել վարչական դատարան, որի համար հիմք են հանդիսացել «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական միջոցառումները։ Եթե վարչական դատարանը բավարարի դիմումը, ապա հիմնադրամին սպառնում է մինչև 6 մլն դրամ տուգանք։
«Ֆորմալ առումով «Իմ քայլը» հիմնադրամի ներկայացուցիչները կարող են Քրեական օրենսգրքի 232 հոդվածի (Բարեգործության արգելք) սուբյեկտ լինել այն դեպքում, երբ հանդիսանում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ինչի մասին Անկախ դիտորդը տեղյակ չէ, սակայն միանշանակ է, որ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40․16 հոդվածը սահմանում է, որ ընտրությունների կամ հանրաքվեի նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքների ամփոփումն ընկած ժամանակահատվածում այն կազմակերպությունների կողմից, որոնց անվանումները կարող են ասոցացվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումների հետ, կամ կուսակցությունների կողմից ղեկավարվող կազմակերպությունների կողմից, ինչպես նաև այն կազմակերպությունների կողմից, որոնց հիմնադիրը (հիմնադիրները) կամ ղեկավարը տվյալ ընտրություններում առաջադրվել է (են) որպես թեկնածու, բարեգործություն կատարելն այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ՝ առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպության պաշտոնատար անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով։
Հանրահայտ փաստ է, որ Իմ քայլը հիմնադրամի անվանումն ասոցացվում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ և ըստ այդմ Հիմնադրամի կողմից ընտրությունների նշանակումից ի վեր իրականացվող միջոցառումներն առնվազն վարչական վարույթի առարկա պիտի դառնան»,-նշել է «Անկախ դիտորդ»-ը։
Աննա հակոբյանը հայտարարեց, որ սույնով խախտվել են իր՝ Սահմանադրությանբ, մի շարք օրենքներով ու միջազգային կոնվենցիաներով երաշխավորված իրավունքները։ Նա մտադիր է Դանիել Իոաննիսյանի ու «Անկախ դիտորդ»-ի դեմ հայցեր ներկայացնել դատարան։
«Իմ փաստաբանական թիմին խնդրել եմ ուսումնասիրություն կատարել նախաձեռնելու հետևյալ երկու գործողությունները՝ Դանիել Իոաննիսյանի նկատմամբ քրեական գործի հարուցման նպատակով հաղորդման ներկայացման հնարավորությունը, ինչպես նաև «Անկախ դիտորդ» դաշինքի դեմ հայցադիմումի ներկայացման հնարավորությունը՝ «Իմ քայլը» հիմնադրամի հեղինակաությանը, գործարար համբավին հասցրած վնասները հատուցելու պահանջով»,-ասաց Հակոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։