Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի գազալցակայաններում հեղուկ գազի գինը շարունակում է մնալ բարձր՝ 270-290 դրամ։ Բացի այդ, շատ լցակայաններում այն ընդհանրապես բացակայում է։ Հայաստանի գազալցակայաններում այս պատկերն է, չնայած արդեն չորրորդ օրն է, ինչ Վերին Լարսի անցակետը բաց է բեռնատարների համար։ Panorama.am-ը խնդրի պատճառները պարզաբանելու համար դիմեց էներգետիկ հարցերով փորձագետ, «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արմեն Մանվելյանին։
Ա. Մանվելյան-Հեղուկացված գազի գինը բարձր է, որովհետև համաշխարհային շուկայի վիճակն է վատ գազի առումով՝ կապված իրանաամերիկյան պատերազմի հետ։ Սա բերել է ընդհանուր գազի գների թանկացման։ Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը բերել է նարն, որ Ռուսաստանն էլ է հեղուկ գազի արտահանումը նվազեցրել, որովհետև ինքն էլ դրա կարիքն ունի։
Որպես ԵԱՏՄ անդամ՝ Հայաստանը դեռ նավթի, բենզինի քվոտաների մեջ է, օգտվում է դրանցից, բայց հեղուկացված գազի հետ կապված քվոտաներ չկան։ Շատ հնարավոր է, որ Ռուսաստանից հեղուկ գազի մուտքն է քչացել։ Նախկինում Հայաստան հեղուկ գազ էին բերում նաև Իրանից և Իրաքից, հիմա դա էլ չի արվում, ընդհանրապես կանգնած է։ Սա՝ տնտեսական գործոնը, բայց որոշ չափով նաև կա քաղաքական գործոն՝ այս իշխանությունների՝ Ռուսաստանի հետ անընդհատ հարաբերությունները սրելու տենդենցով պայմանավորված։
Եթե նորմալ հարաբերություններ լիներ, հնարավոր էր ավելի շատ հեղուկացված գազ բերել։
Panorama.am-ը -Բայց առկա պատժամիջոցների պայմաններում արդյո՞ք ՌԴ-ն պետք է շահագրգռված չլիներ գազի արտահանմամբ, նաև՝ հեղուկ գազի։
Ա.Մանվելյան-Բանն այն է, որ այսօր աշխարհում հեղուկ գազի դեֆիցիտ կա։ Ռուսաստանն այսպես, թե այնպես խնդիր չունի հեղուկ գազի վաճառքի հետ կապված, նույնիսկ՝ ԵՄ։ Եթե նայենք ԵՄ շուկան, ապա կտեսնենք, որ այն ավելի շատ է ռուսական հեղուկ գազ գնել վերջին ամիսներին, քան նախորդ տարի էր։ ԵՄ-ում չնայած պատժամիջոցներ են կիրառում խողովակային գազի նկատմամբ, բայց հեղուկ գազի նկատմամաբ չեն անում, որովհետև հեղուկ գազի այլընտրանք չկա։ Ռուսական հեղուկ գազի հիմնական այլընտրանքը Պարսից ծոցն է և Միացյալ Նահանգները, բայց ԱՄՆ-ից շատ թանկ է ներմուծվում։ Դրա համար ՌԴ-ի համար հեղուկ գազի իրացման խնդիր չկա, մանավանդ, որ մյուս խոշոր հեղուկ գազ արտադրողից՝ Քաթարից էլ ԵՄ գազ չի գնում, Հորմուզն էլ է փակ։ Դրա համար ՌԴ-ն հեղուկ գազի իրացման խնդիր չունի։ Հայաստանի շուկան էլ մեծ չէ, իսկ ԵՄ-ն ներկայում ահռելի չափերի հեղուկացված գազ է գնում ռուսներից։
Panorama.am -Դուք հիշատակեցիք հեղուկացված գազի դեֆիցիտի նաև քաղաքական համատեքստը։ Դրանո՞վ եք գնահատում նաև այսօր տարածված տեղեկությունը, որ ՌԴ-ն մասնակիորեն արգելել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումը։
Ա. Մանվելյան-Համոզված եմ, որ այստեղ կա նաև քաղաքական գործոն, որովհետև այս մարդիկ սիրում են հակառուսական աղմուկ բարձրացնել՝ չհասկանալով, որ մենք ռուսական շուկայից շատ մեծ կախվածություն ունենք՝ ոչ միայն ներմուծման, այլև արտահանման։ Երբ անլուջ մարդիկ ասում են՝ այստեղից չենք ներմուծի, այլ տեղից կներմուծենք՝ բարի, իսկ ո՞ւր եք արտահանելու։ Հայաստանում արտադրվող գյուղատնտեսական ապրանքի 80 %-ը գնում է Ռուսաստանի շուկա։ Ո՞ւր եք արտահանելու։ ԵՄ-ն չի ընդունի հայկական ոչ մի ապրանք, այնտեղ լրիվ այլ համակարգ ու չափանիշներ են գործում և ԵՄ շուկայի հիմնական խաղացողները պետական դոտացիայով գյուղատնտեսություն ունեցող պետություններ են։ Նույն Թուրքիան, որը գյուղատնտեսական ապրանքների խոշոր արտահանող է, վճարում է իր ֆերմերներին, որպեսզի նրանք հնարավորինս էժան այդ ապրանքը տանեն ՌԴ-ի և ԵՄ շուկաներ։
Այսինքն՝ գործող իշխանությունների հակառուսականությունը բերում է նման հետևանքների։ Աստված ոչ արասցե, եթե սրանք մնան իշխանության, ապա գազի գինը սահմանին կլինի ոչ թե 150-160 դոլար, այլ՝ 200-250 դոլար, ինչ են անելու, այլընտրանք չկա, իսկ եթե իրենց շուկաները փակեն մեր ապրանքի համար, ապա ընդհանրապես խնդիրներ կունենանք։
Էկոնոմիկայի նախարարությունից էլ Panorama.am -ին հայտնեցին, որ գնի հետ կապ չունեն, բայց խնդրից տեղյակ են և եթե տեղեկատվություն ունենան կտարածեն բոլորի համար։